Ծիծեռնակի գալուստը
(Մանկական խաղ)
1910
Գործողներ. Երկու մանուկ, մեկը ծիծեռնակի դերում. մի երգեցիկ խումբ. բոլորը միասին իբրև նորեկ ծիծեռնակներ։
Մանուկը.— Բարով ես եկել, սիրուն ծիծեռնակ,
Բայց ասա խնդրեմ, ինչո՞ւ ես մենակ։
Ծիծեռնակը.— Ո՜հ, մի՛ հարցընիլ, սիրելի մանկիկ,
Ճանպին բարձրացավ մի մեծ փոթորիկ…
Խումբը (զարմացած).— Օ՛յ-օ՛յ-օ՛յ, ո՛ւյ-ո՛ւյ-ո՛ւյ.
Մանուկը.— Հետո՞… երևի ամենքիդ ցրեց.
Ով գիտե՝ որին ո՞ր ձորը գըցեց…
Ծիծեռնակը.— Այո՛, ո՞վ գիտի, ո՞վ ողջ, ո՞վ մեռած,
Քանիսը մնացին ձյ՛ունի տակ սառած…
Խումբը (տխուր).— Վա՛յ-վա՛յ-վա՛յ- վա՜յ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ…
Մանուկը (կուտ է ածում առաջը).— Խե՛ղճ իմ ծիծեռնակ, կեր, հանգստացիր,
Եկ մտիր բունըդ, մեկ լավ տաքացիր։
Ծիծեռնակը.— Շնորհակալ եմ, ես կուշտ եմ հիմա.
Կարծես մերոնք էլ պիտի գան ահա։
Խումբը (ուրախ).— Վա՛-վա՛-վա՛, վի՛-վի՛-վի՛…
Մանուկը.— Բան չի երևո՜ւմ, այդ ի՞նչ ես ասում,
Գուցե հեռվիցը մի ձայն ես լսում։
Ծիծեռնակը.— Ո՛չ, ես զգում եմ, թեև չեմ լսում,
«Գալիս են ահա», իմ սիրտն է ասում։
Բոլոր աշակերտները (ներս են թափվում կռները թափահարելով, իբրև թռչում են և շրջապտույտ գործելով երգում են),—
Եկա՜նք, եկա՜նք ողջառո՜ղջ,
Մենք անկորուստ և ամբողջ,
Լե-լե՛-լե՛, հա՛յ լե՛-լե՜
Լո՛-լո՛-լո՜, հա՛յ լո՛-լո՜
Հելելե՜, հոլոլո՜…