Անցնել բովանդակությանը
Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայան

Ղազարոս Ստեփանի Աղայան

1840–1911

Բանաստեղծ 41 բանաստեղծություն

Ղազարոս Աղայանի կենսագրությունը

Ղազարոս Ստեփանի Աղայանը (ապրիլի 4 (16), 1840, Բոլնիս-Խաչեն — հունիսի 20 (հուլիսի 3), 1911, Թիֆլիս) հայ գրող, բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս և հասարակական գործիչ է։ Հայ մանկական գրականության հիմնադիրներից է և 19-րդ դարի հայ մանկավարժության գլխավոր տեսաբաններից։

Մանկությունը և կրթությունը

Ծնվել է Բոլնիս-Խաչեն հայաբնակ գյուղում (այժմ՝ Վրաստանում)՝ Ստեփան Աղայանի և Հռիփսիմե Հովհաննիսյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նախավերջին դասարանը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել է։ Կանոնավոր ուսում այլևս չի ստացել. գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Գրաշարից մինչև խմբագիր

1862-1867 թվականներին աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում։ Առաջին տպագիր գործը լույս է տեսել 1862 թվականին «Մեղու Հայաստանի» լրագրում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել Էջմիածնի տպարանի կառավարիչը և խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870), որի առաջին համարներում հրապարակած «Խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը դարձավ նրա մանկավարժական հայացքների ուղեցույցը։ Հետագայում աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար և գործուն մասնակցություն ունեցել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

Ուսուցիչը

1870-1882 թվականներին դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի և Շուշիի դպրոցներում, եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Երևանի գավառական ուսումնարանում աշակերտների հետ մշակել է դպրոցի փոքրիկ այգին և Սարդարի այգում հատկացված հողամասը՝ գյուղատնտեսությունն ու արհեստները ուսուցման մաս դարձնելով։

Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ դաստիարակելը։ Առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ քառասուն տարի (1875-1916) հայ դպրոցների ամենատարածված այբբենարանն էր, մի ամբողջ սերնդի առաջին գիրքն են եղել։

Հալածանքները

1895 թվականին ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա Ղրիմ (1898-1900), և մինչև կյանքի վերջը մնացել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է գրական գործունեության 40-ամյակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին։ Թիֆլիսում մտել է Հովհաննես Թումանյանի «Վերնատուն» գրական խմբակի մեջ։

Ստեղծագործությունը

Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Հեքիաթը համարում էր «մանուկների դաստիարակության կարևոր միջոց»։ «Անահիտը» (1881) համարվում է հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից, կողքին՝ «Արեգնազան կամ Կախարդական աշխարհ», «Եղեգնուհի», «Զանգի-Զրանգի», «Այծատուր», «Օձամանուկ և Արևահատ»։ Պոեմներից հայտնի է «Տորք Անգեղ և Հայկանույշ Գեղեցիկ» (1888)։ «Արություն և Մանուել» (1867-1882) վեպը հայ գրականության մեջ ինքնակենսագրական ժանրի առաջին փորձերից է, «Երկու քույր» վիպակը՝ հայ գյուղի սոցիալական փոփոխությունների պատկերը։

«Մանկական բանաստեղծություններ» ժողովածուները (1882, 1890) գրված են դպրոցի և խաղի համար՝ գյուղական աշխատանքի, եղանակների, կենդանիների ու ընտանիքի պատկերներով։ Թարգմանել է Կռիլով, Շիլլեր, Հայնե, Տոլստոյ և Պուշկին։

Ժառանգությունը

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում, թաղվել Խոջիվանքի գերեզմանատանը։ Նրա անունն են կրում Երևանի թիվ 63 դպրոցը, որի բակում կանգնեցված է կիսանդրին, Երևանի Ղազարոս Աղայանի փողոցը և Բոլնիս-Խաչենի տուն-թանգարանը։

Աղայանի հայտնի գործեր

Բոլորը →

Շնորհավոր տարիք

Տարվա վերջին մեջ գիշերին
Մի ձայն լսվեց երկնքից,
Թե մի հրեղեն մանուկ ծնվեց
Ժամանակի երկունքից։

Նոր տարիմանկական +1

Ճըչանակ և ճռռան

Ճըչանակ, ճըչա՛, ճըչա՛,
Ճըռճըռան, ճըռռա՛, ճըռռա՛,
Մեծ-պասին զարթեցրեք,
Մեր աշխարհից փախցըրեք։

մանկականԶատիկ +2

Գարունքի հաղթությունը

Ծիծեռնակը համբավ բերավ նոր գարունքից,
Եվ ահա նա մոտենում է մեզ դաշտերից.
Այս համբավը երբ որ լսեց ծեր ձմեռը,
Փընթփընթալով քաշվեց գնաց ցուրտ լեռները.

գարունձմեռ +2

Անահիտից

Ամեն աշխարհ, ամեն երկիր,
Եթե ունի հարազատ մայր,
Նա կըծաղկի դրախտի պես,
Նա չի լինիլ անբախտ, թշվառ։

աշխատանքխրատ +2

Ուսումնարան

Դաշտը սիրուն է դալար բույսերով,
Եվ անուշահոտ գույն գույն ծաղկներով.
Ուսումնարանը նույնքան սիրուն է
Իր ուշիմ, խելոք ժիր մանկիկներով։

դպրոցմանկական +1

Խրատ

Շերամն ու մեղուն են բարության նշան,
Իսկ սարդն ու բրետը՝ նշան չարության.
Քնքուշ շերամի պես եղիր անարատ,
Թեկուզ չար սարդերը ծիծաղին վրադ։

խրատմանկական

Հաճախ հանդիպող թեմաներ