Անցնել բովանդակությանը

Հովվի սրինգը

(Ավանդություն)

Նվեր երաժշտագետ Մուշիկիս

Հովիվը սարին՝ Ոչխարն առաջին՝ Ոչ շուն և ոչ զենք Չունի նա կշտին։ Եվ ահա եկան Օրը ցերեկով Սոված գայլերը՝ Ամբողջ ոհմակով։ Հովիվն ի՞նչ աներ, Ի՞նչպես ազատեր Իր ամբողջ հոտը, Իրան էլ հետը։ Նա ճարը կտրած՝ Սրինգը հանեց Եվ աղիողորմ Մի երգ նվագեց։ Եվ ինչպե՜ս քնքուշ, Ինչպե՜ս մեղմանուշ,— Բոլոր գայլերը Կտրեցին ապուշ… Եվ լսում էին Սառած, քարացած, Սրնգի ձայնից Թովված ու դյութված։ Բայց ի՞նչ էր երգում Հովիվն այնպես լո՜ւրջ, Որպես մի հառա՜չ, Որպես մի մրմո՜ւնջ։ Նըրա նվագը՝ Զիլ ու քաղցրաձայն՝ Մի աղերսանք էր, Մի գոչ օգնության։ Սրինգն ածելիս՝ Նա ձայն էր տալիս Իր կտրիճներին՝ Զալում շներին.— Ա, Չամբա՜ր, Ա, Ղայթա՜ր, Եկե՜ք, հա՜, եկե՜ք, Ա՛, Քյասա՜ր, Ա՛, Բասա՜ր, Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք… Հանկարծ թնդում է Յուրթն1 ամեն տեղից. Ի՜նչ հարայ-հրո՜ց, Ինչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց… Շները թև առած՝ Ինչպե՜ս են թռչում, Հասնում են հովվին Մի ակնթարթում… Այսպես մի հովիվ, Սրնգի շնորհիվ՝ Փրկում է հոտը, Իրան էլ հետը Չար գազաններից՝ Սոված գայլերից…

Ծանոթագրություններ

  1. 1 Յուրթն — Յուրթ կամ յուրդ ասվում է սարվորների բնակատեղին։

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Հովվի սրինգը» բանաստեղծությունը հովիվի և երաժշտության մասին։

Ավանդություն սրինգի ուժի մասին. գայլերի ոհմակը ցերեկով հասնում է անզեն հովվին, նա սրինգ է հանում ու աղիողորմ նվագում, և գայլերը քարանում են։ Բայց երգը թովելու համար չէր. սրինգով հովիվն իր շներին էր կանչում՝ Չամբարին, Ղայթարին, Քյասարին, Բասարին, և յուրթը թնդում է շների հարայ-հրոցից։ Երաժշտությունն այստեղ և՛ կախարդանք է, և՛ օգնության կանչ։

Ստեղծագործությունը պարունակում է 55 տող՝ բաժանված 12 տան։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 55