Պառավի հորթը
1882
Ձյուն էր գալիս փաթիլ-փաթիլ,
Հետն էլ անձրև կաթիլ-կաթիլ.
Այս միջոցին մի պառավ կին
Հորթ էր փնտրում դաշտի միջին։
Կովը եկավ տավարիցը,
Կուրծ ու ծըծեր կաթով լիքը.
«Հորթուկս ո՜ւր է», նա բառանչեց,
Խեղճ պառավին լացացըրեց։
Մինչդեռ այսպես պառավ ու կով
Ողբում էին լաց ու կոծով,
Հանկարծ լսվեց մի բարակ ձայն,
Կովն իմացավ, որ հորթն է այն։
Կովը վազեց բառանչելով,
Պառավն ետքից տընքտընքալով,
Կորած հորթը մորը գտավ,
Լիք ծըծերը բերանն առավ։
Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց,
Տանտիկնոջը բան չըթողեց.
Բայց պառավը այս անգամին
Սիրով ներեց չար հորթուկին։