Անցնել բովանդակությանը

Ձմեռ

1884

Ձմեռն է, ձմեռն, սիրուն երեխեք, Ձմեռն է, և դուք դողում, մրսում եք. Բայց դուք մենակ չեք, ես էլ եմ մրսում, Ես էլ եմ ձեզ պես դողում, սարսռում։ Բայց գիտե՞ք արդյոք ի՛նչ է ձմեռը, Այդ պատկառելի համարված ծերը. Օ՜հ, մի՛ հարցընեք, դուք կըսարսափեք, Երբ դրա բարքը պատմեմ ձեզ մեկ-մեկ։ Այդ անիրավը ուր ոտք է դնում, Առանց խղճալու մահ է տարածում։ Երեսին առած ըսպիտակ դիմակ, Մեզնից ծածկում է սև դեմքն այլանդակ։

***

Շատ ժամանակ չէ ինչ որ դա եկավ, Եվ դուք լավ տեսաք, թե ինչե՛ր արավ. Դըրա երկյուղից ջուրը քար կտրեց, Քչքըչան առուն լռվեց, պապանձվեց, Դալար բույսերը առան, փետացան, Նախշուն հավքերը թռան հեռացան. Բայց էլի շատին իր ճանկը ձըգեց, Բուք-բորան արավ, բոլորին խեղդեց. Սիրուն վարդենու թուփը չորցըրեց, Սոխակի լեզուն տակիցը կտրեց։

***

Ո՛վ դու կեղծավոր փարիսեցի ծեր, Դու ունիս, գիտենք, շողոքորթներ էլ, Որոնք բորանըդ, թիփիդ չեն տեսնում, Ոչ բուք-բորյազիդ տակ ցրտահարվում. Սառցեղեն սրտին ի՜նչ բուք, ի՜նչ բորան Կարե ներգործել, կամ ի՜նչ ցուրտ, ի՜նչ բան. Նըրանք սըղղում են ինչպես անզգա Ձյունով պատանած զոհերիդ վըրա. Եվ դու, երեսպաշտ, լավ ես որոշում Հարըստին խեղճից և ջոկ-ջոկ որսում. Մեկին տալիս ես կճյա վառարան, Մյուսին և ոչ մի խեցյա կրակարան. Մեկին թանկագին մազեղեն մուշտակ, Մյուսին և ոչ մի՝ ցնցոտի մաշկյակ. Մեկին տալիս ես մի սիրտ սառցեղեն, Մյուսի թոքերը հանում ես կրծքեն. Մեկին տալիս ես միջոց զվարճության, Մյուսին դառն օրեր, օրե՜ր հեծության. Մեկին տանում ես դեպի մոլություն, Իսկ մյուսին դեպի դառն ստրկություն. Մեկին կաշառով, մյուսին երկյուղով Թակարդ ես ձգում դիվական ցանցով…

***

Անմե՜ղ պատանիք, սիրուն երեխեք, Փոքր ինչ հեռացա, դուք ինձ կըներեք. Եթե իմանաք, թե այս րոպեիս Ի՜նչ պատկերներ են առաջըս գալիս. Տեսե՞լ եք արդյոք խախուտ խրճիթներ, Բոբիկ, գլխաբաց, տկլոր մանուկներ, Դատարկ ամբարներ, հորեր, մարաքներ, Աղի պես լիզված երկայն մսուրներ. Աչքերը պլըշած՝ քաղցած տավարներ, Սիրտ պատըռտորող մայեր, բառանչներ… Ջրաղաց չըկա,— ջուրը սառել է. Ճանապարհ չըկա,— ձյունը կապել է. Թե մարդ, թե տավար՝ միակերպ քաղցած, Ողբում, լալիս են մահվան դուռն ընկած։

***

Օրը կարճացել, գիշերն երկարել, Լույսը նըվաճվել, խավարն է տիրել, Երկինքն ամպապատ, գետինքը սառած, Գարունը հեռու, ցուրտը կատաղած — Այսպե՜ս է ահա սոսկալի ձմրան Ալիքով ծածկած պատկերը դաժան…

***

Ցուրտ է, սաստիկ ցուրտ, սիրուն երեխեք, Եթե ինձ նման դուք էլ մրսում եք, Եկեք միասին մի հնար գտնենք, Ձմրան ճանկերից մեր գլուխն ազատենք։ Դուք ձեր մանկական անարատ մտքով, Ես իմ հասակիս բազմամյա փորձով, Եթե կամենանք, խելք խելքի կըտանք, Եվ ինչից ասես՝ կրակ կստանանք,— Կրակ լուսատու, պայծառ, անստվեր, Որ տաքացնե սառցեղեն սրտեր, Որ կենդանացնե գոսացած ձեռներ, Որ հալեցնե սառցապատ լեռներ.— Օրինակ առնենք մեզ կիզ-ապակին, Եվ մենք կըհասնենք մեր նպատակին։

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Ձմեռ» բանաստեղծությունը (1884) ձմռան և աղքատության մասին։

Ձմեռը դիմում է երեխաներին որպես մրսող ընկեր, բայց բանաստեղծությունն արագ դառնում է դատավճիռ՝ ձմեռը «կեղծավոր փարիսեցի ծեր» է, որ սպիտակ դիմակի տակ մահ է տարածում և հարուստին ու խեղճին տարբեր է վերաբերվում. մեկին վառարան, մյուսին ոչինչ։ Խրճիթների, քաղցած տավարի ու սառած ջրաղացի պատկերներից հետո վերջին մասը կոչ է՝ միասին կրակ գտնել, որ սառցե սրտերը տաքացնի։ Աղայանի սոցիալական ամենասուր բանաստեղծություններից՝ գրված երեխաների համար։

Ստեղծագործությունը պարունակում է 77 տող՝ բաժանված 5 մասի։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1884 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 82