Եկար բարով, երթաս բարով
1884
Եկար բարով,
Երթաս բարով.
Եկեք, երեխե՛ք, եկեք,
Ձեռք ձեռքի տանք, պար բռնենք —
Այսօր տարին նորոգվեց,
Նոր օր, նոր ժամ մեզ բերեց,
Հինն անցավ,
Նորն եկավ
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ.
Մայրիկն այսօր մեզ տըվեց
Մեղր ու չամիչ ու ասեց.
— Քաղցր ու անույշ պառավեք,
Ալևորիք և տեսնեք
Շա՜տ տարի,
Շա՜տ բարի,
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ.
Շնորհավո՜ր նո՛ր տարի,
Քո գալուստըդ շնորհավոր,
Դու մեզ համար այս տարի
Բարի եղիր ամեն օր,
Մինչև կաս,
Ու կերթաս
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ։