Անցնել բովանդակությանը

Անեծք

1909

Երկու հոգի՝ Հայր ու որդի՝ Խորհուրդ արին Եվ վճռեցին, Որ վեր կենան, Որսի գնան։ Եվ գնացին… Ու ներս մտան Մի խիտ անտառ, Ու երբ գտան Մի որբ կխտար… Որդին ասեց՝ Թող ե՛ս խփեմ. Հայրն արգելեց. Մե՜ղք է, ասեց, Թող ե՛ս խփեմ. Թող ես ընկնեմ Անեծքի տակ, Եվ ոչ թե դու Ջահել օրով. Դու ո՛ղջ մնա Հորով-մորով։ Հայրը խփեց. Կխտարն ընկավ. Որդին շալկեց, Ճանպա ընկավ Մի նեղ շավղով, Խոր ձորերի Անդունդներով… Մեկ էլ հանկարծ Մի քարա-այծ Քերծի գլխից Փախած տեղից Գլորեց մի քար Դեպի ներքև. Եվ հոր առջև Մոր մինուճար Որդուն դիպավ, Լույսը հանգա՜վ…

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Անեծք» բանաստեղծությունը (1909) մահվան և տխրության մասին։

Կարճ, կտրուկ տողերով պատմված ողբերգություն. հայրն ու որդին որսի են գնում, գտնում են որբ մի կխտար, և հայրը որդուն թույլ չի տալիս խփել՝ մեղք է, թող անեծքը իր վրա ընկնի։ Ինքն է խփում, որդին դին շալկում է, և ձորի ճանապարհին քարայծի գլորած քարը հենց որդուն է դիպչում։ Ամեն տող մի քայլ է դեպի վերջին երկու բառը՝ «Լույսը հանգա՜վ»։

Ստեղծագործությունը պարունակում է 39 տող՝ 6-1-4-18-10 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 39