Անցնել բովանդակությանը

Վարուժնակիս

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս՝ Որ սըրտիս վրա բացվեցար, Եվ քեզի հետ բացիր հոգիս վըշտահեղձ Նոր երազի մը պայծառ։ Հին օրորանն, որ, թաղարի պես լըքված, Կ'ըլլար խըշտյակը սարդին, Կենդանացա՜վ ճըռվողյունով, բույնի պես Պաճուճվեցավ վերըստին։ Արև մը նոր, շողերուն հետ աչքերուդ, Շեմիս վըրա ցաթեցավ՝ Եվ վանդակին մեջ կաքավս իմ վիրավոր Կարկաջեց երգ մը անձկավ։ Դուն սենյակե սենյակ թըռար դեդևուն Բույնեն ինկած ծիտի պես. Ձայնեդ դյութված՝ այցելեցին տընակիս Սերոբեներ լուսագես։ Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս, Եկուր նըստե՝ ծունկերուս. Թող լուսնակի պես՝ մըռայլ ծոցս ողողեն Ոսկի վարսերըդ սընդուս։ Շըղթայե վիզս այդ թևերովըդ քընքույշ Նըման ծաղկե մանյակի. Ժըպտե՝ ինծի, որ ցուրտ անդունդը սըրտիս Արշալույսո՛վ բըռընկի։ Խոսե՜ ինծի, անծանոթ խոսքը, զոր դուն Երկինքեն հետըդ բերիր, Կը բանա շողը՛ վարդն, իսկ շուրթը մանկան Աստուծո մատը կարմիր։ Նայե՛ ինծի, լուսնակն ինչպես կը նայի Դամբանին խորը խավար. Սերըս մեռած՝ պիտի առնե հարություն Ու պիտ՝ ապրի քեզ համար։ Քեզի՜ համար, որուն միսն է գոյացած Շուշաններու թերթերեն, Մյուռոնաբույր շապիկն հյուսված է թևով Թիթեռներու նըկարեն։ Քեզի՜ համար, ով իմ քերթվածըս անմահ՝ Զոր արյունովս հըղացա, Զոր երգեցի՝ հպելով սըրտիս լարերուն Լարն ամենեն դյուրազգա։ Քու ձեռքըդ լոկ դեռ կը բըռնե զիս կանգուն Ավազներուն վրա փառքիս. Եվ մազիդ մեկ թելը բա՜վ է կապելու Տիեզերքին հետ՝ հոգիս։ Վարուժնա՛կդ իմ, իմ փափկասո՜ւն Դիցուհիս, Ո՜վ քընարե դու հոգյակ, Թող որ արցունքս, որ այտերուդ վրա կ'իյնա, Ըլլա ծիծաղ կամ սուտակ. Բիբերըդ թող սըրսկեն աստղե՜րն երկընքին Իմ խորշոմած ճակատիս՝ Որ իր վըրա, թագի պես, բա՜րձըր բըռնեց Խոր ըսպիները սըրտիս։ Զի ես անդո՜ւնդն եմ՝ որ կ'ըլլա երջանիկ Փոսուռայի մը լույսով. Անապա՜տն եմ, որ երկինքին կը ժըպտի Իր ծըլարձակ մե՜կ բույսով։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 56