Պատգամավորներն
«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»
Ա. Ահարոնյան
«Ըսե՜, ծիծեռնա՛կ,
Ճանճ մը կըտուրիդ կ'երթաս ծաղկավետ ո՞ր այգեստաններ.
Ո՞ր աշտարակն է՝ որ գաղջ արևու մեջ է ընկըղմեր.
Ըսե՛, ծիծեռնա՛կ»։
— Մետեխի բանտին պատին նորոգել կ'երթամ բույնս ամա՝
Որուն մեջ ձյո՜ւն է տեղացեր ձմեռն, ու այնտեղ հիմա
Օձ մը ծըվարած, գլուխը պոչին տակ, լուռ կը մըրափե։
Օձի շապիկով կ'երթամ կարկրտել բույնըս կանեփե։
«Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, երգը կըտուցիդ։
Միայնության մեջ մեծ Եղբայր մ'ունինք մենք հոն կալանված.
Թեզաններն ի վար կը հոսեն թոքերն արյուն մ'անձնուրաց,
Հաց մեն դրեր իր քով, մոխիրո՜վ թըրուն, դառնահամ բըլիթ.
Եվ կուժ մորուն մեջ ծըռած կ'արտասվեն մողեզներ դեղին։
Ծիծա՜ռ, շող մը տար լուսնեն՝ որ օծե բիբերն անժըպիտ,
Երգ մ'որ ըսփոփե հոգին՝ ուր տրոփեց հողը մայր Երկրին։
Ա՜խ, գընա՜, ծիծա՜ռ, համբույրըս կտուցիդ»։
«Ըսե՜, իմ կըռո՜ւնկ,
Դեպի հորիզոն նետի պես սլաքած վիզըդ բոցեղեն՝
Այսպես ո՞ւր կ'երթաս ուրախ կըկռոցով երդիքիս վրայեն.
Ըսե՜, իմ կըռո՜ւնկ»։
— Կովկասը լիճեր ունի՝ որոնց մեջ եղեգներ ջով ջով
Բարձըր ուռճացած արև կը շնչեն փրփրուն կատարով։
Ու լըքվածներու տընակներ կան հոն՝ որոնք կը բաղձան՝
Որ իրենց շեմին երգեմ, իրիկունն, երգերս ըսփոփման։
Ա՜խ, գընա՜, կըռո՜ւնկ, հույսը կըտուցիդ։
Բայց բանտի մերդին պահ մը ամփոփե թևերըդ հոգնած։
Հոն Արվեստի քուրմ մը կա՝ որ նվագեց Վիշտն համատարած
Ըստեղնաշարին վըրա աստղերուն՝ մատերով վըճիտ։
Արդ իր գանկին ջահն արյուն կը ծեփե պատերն
Կըռո՜ւնկ, պըսակ տար իր ջախջախ քնարին սա ճյուղը փըթիթ
Զոր մենք ամենքնիս օծանեցինք մեր ողբովն հավիտյան։
Ա՜խ, գընա՜, կըռո՜ւնկ, արցունքըս կտուցիդ։
Ըսե՜, արագի՜լ,
Գորտ մը, զմրուխտի նըման, բերնիդ մեջ դեպ ու՞ր կու տաս խույս.
Ո՞ւրտեղ օգոստոսն իրենց փոսերեն իժերն հանեց դուրս,
Ըսե՜, արագի՜լ։
— Հեռո՜ւն, կը տեսնեմ գլուխներն ադամանդ լեռներուն Կավկաս՝
Որոնց կողերեն ձորերը կ'հոսի արևն հըրամազ։
Գարունն է պճներ հոն հարսի նըման բարտի մը վըսեմ.
Իր սոսափյունին մեջ բույնս ուռիով ես պիտի հյուսեմ։
Ա՜խ, գնա՜, արագի՜լ, կարոտը կտուցիդ։
Հոն կապանքի տակ Հայրենիքն ունի հանճար մ'ողջակեզ։
Գրիչը մատերուն մեջ խորտակեցին ճառագայթի պես։
Արագի՛լ, վրայեդ փետուր մը ձգե, բանտն իր մահառիթ՝
Ուր ան օրե օր իր գերեզմանին համար կ'հասուննա։
Ի՜նչ փույթ թե խլված փետուրեն՝ թևդ այդ արյունի շիթ շիթ.
Անով հաղթանակն ան պիտի գըրե իր Ուխտին հըսկա։
Ա՛խ, գնա՜, արագի՛լ, սիրտըս կըտուցիդ։
Ըսե՛, խրո՜խտ բազե.
Ճեղքելով անտառը կայծակներուն, ամպերուն խորեն,
Ի՞նչ կատարի վրա կ'երթաս քըթվըտել պորտըդ լուսեղեն.
Ըսե՛, խրո՜խտ բազե։
— Ռուս հորիզոնեն գաղթող մրրիկներն ինձ հոտը բերին,
Հոտ դիակներու, հունտերը կարմիր բեղուն ժանտախտին.
Հըզոր թռիչներ ես վար գաղջ արյուններ ես անձրևելով՝
Կ'երթամ արածիլ մարդկային բիբերն ու սիրտերն համով,
Ա՜խ, գընա՛, բազե՜, կայծակը կտուցիդ…
Բայց մեռելներն այդ՝ զոհերն են լույսի. անոնց մի՜ դըպչիր,
Սիրտեր՝ որ վրեժեն չեն գիտեր պաղիլ. անոնց մի՜ դըպչիր,
Այլ այնտեղ Պայքարն Առաքյալ մ'ունի բանտին մեջ կրանիտ.
Թևերովդ հուժկու զա՜րկ, փըշրե՜ խախամն իր լուսամուտին,
Եվ շանթը կտուցիդ Հույսն երգե՜ թառած իր ուռին վըճիտ։
Ըսե՜ թե շուտով մենք պիտի կանգնենք արձանն իր փառքին։
Ա՜խ, գընա՜, բազե՜, դափնի՜ մը կտուցիդ։