Անցնել բովանդակությանը

Մեռնող բանվոր

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Քամին կ'ոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե Իբրև ահեղ դամբարան։ Ծյուրախտավոր բանվոր մ'հոն կը վախճանի մազկըռինչ՝ Խարին վրա հոտևան։ Հանո՜ւն պատառ մը հացի՝ գործատան մեջ թաղեցան Ճառագայթներն հոգիին. Տըվավ փերթ փերթ որ ուտեն մեքենաները վիշապ Միսերն հուժկու կըռնակին։ Անիվներուն ակռաներն ողնածուծո՞վն օծանեց, Եվ սըրբեց իր մազերով. Հընոցին դեմ՝ մերկալանջ, ժահրոտ օդին մեջ՝ մըղձկուկ Ապրեցավ միշտ մեռնելով։ Արդ տապալող նոճիի հանգույն բան մ'է այդ տըղան. Այդ հա՜ղթ ռամիկն երբեմնի։ Երկաթներու հետ պայքար մ'եղավ իր կյանքն հարատև. Արդ կը փըշրի զերդ վանի։ Գերեզմանին գեղին հո՞ղն իր աչքերուն վրա կապույտ Սըփռեր է Մահն անժըպիտ. Մեղրամոմի պես մարմինն ահավասիկ կը հալի Մատերն ի վար շիթ առ շիթ։ Ի զո՜ւր գարունն երազեց, և հովերուն մեջ ազատ Կաղնիացումն հասակին. Ի զո՜ւր տենչաց երգով լի շրթունքներն իր երկարել Աղբյուրներու ջինջ ակին։ Արևուն տեղ դալկություն, շուշաններու տեղ մըրուր Պըսակեցին ճակատն իր։ Սիրո երգին փոխարեն՝ եկավ փըրփրիլ շըրթունքին Հըրատապ հազ մը կարմիր։ Արդ կը հազա՜, կը հազա՜ իր զոհի գլուխը դըրած Ծոցին մեջ մորն աղեկե՜զ Որուն կուրցա՛ծ աչքերեն իսկ արտասուք կը բըղխին՝ Հողին պըտղող ջուրին պես։ Վար կը կախվի սընարեն Հիսուսի խաչը կարմիր, Բայց ճակատին վրա չինկած Շիթ մ'Արյունեն փրկության — որ սառե՜ր է խաչին վրա — Ինք կը մեռնի, վաստակած։ Քամին կ'ոռնա և տընակն իր հիմերեն կը ցընցե Իբրև ահեղ դամբարան… Ու սև կատուն տընակին կը մըլավե՜ խելահեղ Ճանկըռթելով շեմքը դրան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 40