Ընկեցիկը
«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»
Բուքը կը մռընչե։ Շըքեղ տան մ'առջև.
Կես գիշերին, հո՜ն, մայրը առավ կանգ
Հույզեն կը դողա սիրտը, զերդ տերև.
Մարմինը ձյունեն հագեր է պատանք։
Կը նիրհե գըրկին մեջ դեռ երեխան.
Գուցե անոթի, գուցե նըվազած…
Կաթեն կաթիլ մը, մարգարտի նըման
Բերանին վըրա ցուրտեն է պագած։
Պետք է լըքե՜լ հոս։ Ի՞նչ նըկուղի մեջ
Ծընավ ծաղիկն այդ՝ զարնված եղյամեն…
Ունեցա՞վ շապիկ, կամ օրոցք մը գեջ…
Հրեշտակ մ'իջա՞վ վար՝ ժըպտելու իրեն։
Հայր մ'հավատարիմ ունեցա՞վ արդյոք՝
Որ խառներ քըրտինքն՝ իր արտասուքին.
Թե կույս մը խաբված սիրով մը բորբոք
Անոր մայր եղավ՝ նախ շեղած դեռ կին։
Չըգիտեմ. միայն այդ մայրն է տըժգույն՝
Խոնավ քաքին տակ բուսնող սեզին պես։
Ոտքերն են բոպիկ, հասակը նըկուն՝
Զոր պիտի փըշրե ցուրտ քամին կարծես։
Թոշնած են ծիծերն՝ ուրկե բըղխեցուց
Սերը՝ կաթի տեղ շիթ մը շարավի։
Մերթ թափք հովին կուրծքը կու տա ցույց,
Ուր վիշտն է պառկեր, ձյունը կը մաղվի։
Պետք է լըքե՛լ հոս, կը դընե տըղան
Ծածքին տակ քիվին, տանը շեմին վրա…
Իր կանեփ շալով կը սքողե վըրան,
Ինք երկրնքին տակ, մերկ, կը դողդըղա։
Զայն կը համբուրե և կ'ուզե փախչի՜լ…
Բայց սիրտը քայլին չի՛ հըպատակիր,
Ո՜հ, ինչպե՛ս բաժնել, փետե՜լ հոգեխիլ
Իր աղիքն որդվույն աղիքեն կարմիր։
Եվ հոն կը սպասե մինչև արշալույս,
Խելահեղ ուրուն կ'ըլլա գիշերվան,
Ու երբոր տըղան կու լա սըրտահույզ
Մարմար շեմին վրա մերթ կ'օրորե զայն։
Կը խորհի, գուցե ունենա որդին
Վաղը այս կյանքեն կյանք մը լավագույն.
Դըրվի օրորան, ծիծերն ըստընտուին
Իրեն ավելի՛ առատ կաթ մ'հեղուն։
Ունենա գուցե նույնիսկ խաղալիք,
Պուպրիկ մ'իրեն պես բեհեզներ հագած,
Մարդիկ զայն կարծեն իշխան մը փոքրիկ,
Եվ զայն իր հրեշտակն ընդունի Աստված։
Ա՜յս պես կը խորհի մայրը դողդոջուն,
Մայրը՝ հոն հագած պատանքը ձյունին…
Այգը կը ծագի. փողոցներն համբուն
Կյանքի շըշուկով տակավ կը լեցվին։
Կ'երգե աքաղաղն, որդին կը ճըչա,
Զի կոպերն անոնց շո՜ղն է համբուրած։
Մայրը խելացնոր, մայրը ակամա,
Ըշտապ կը փախչի՜… սիրտը հոն թողած։