Անցնել բովանդակությանը

Խաբված կույսեր

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Կ'աշխատեիք հյուղակին մեջ, ճըրագին տակ արդար, Հարուստներուն պատմուճան, մերթ ալ պատանք կարելով. Ասեղն հյուծած մատերնուդ միջև ցուրտեն կը սարսռար… Հոգինիդ էր անվըրդո՜վ։ Բայց հեշտությունն ամբարիշտ կը դավեր քա՜ղցը ձերին, Եվ ծախեց ձեր հոգիները՝ գընելով մարմիննիդ։ Անմեղությունն անպաշտպան՝ կուրություն մ'է երկնային՝ Զոր խտրեցին ուխտն ու ժպիտ։ Օ՜, այն հարուստ պարոններն, այն հըտպիտները շըքեղ, Որոնք ոսկի ցանեցին՝ որ բոզությունը հընձեն, Ձեր հյուղերեն ներս մըտան սիրահարի պես անմեղ, Եվ դուրս ելան քըրքջալեն։ Ձեր սիրտն անոնց համար լո՜կ բաժակ մ'եղավ գինիին Զոր, պարպելե վերջ, հարբածը կը կոտրե հաճույքով։ Ու օր մ'ալ երբ մայր եղաք՝ անոնք ըրին ձեզ այրի Արցունքներու մեջ թողլով։ Եվ փողոցնե՜րը ինկաք. Դուք օր մ'ազնի՜վ բյուրեղներ, Կոխոտվելով մարդերեն՝ եղած էիք այժըմ ցեխ։ Սակայն ոճիրն հըտպիտին արգանդնուդ մեջ գոհար մ'էր, Եվ կը մեծնար սիրադեղ։ Դուք կոչվեցաք Գաթինա, և կամ Ֆանթին արտալած՝ Որ պաշտպանեց բոզությամբ իր մայրությունը անզեն. Մարգարիտա կոչվեցաք՝ Դըժոխքեն իսկ պըղծըված, Մարիամ՝ պղծված Երկինքեն։ Ես կը տեսնեմ ձեզմե մին կեցած ահա հորին քով։ Սըրտաճըմլիկ փորին վրա կիներ ծածուկ կը ժըպտին։ Իրմե հեռու կը խուսեն կույսերն անբիծ՝ զինք թողլով Իր դուզին հետ՝ առանձին։ Ահա ուրիշ մը լըքված՝ խավարներուն մեջ հյուղին… Կը հանդերձե նորածինն իր վարսերով տըխրաշուք. Քընքույշ բերնին կը ճըմլե ծիծերն, ուրկե կը ծորին Կաթերու տեղ արտասուք։ Խարտիշուհի մ'հերատո՜ւկն ահա կ'ըլլա փողոցին, Եվ իր սերը կը դընե հացի մ'համար գըրավի։ Ու օր մ'ալ երբ ճարահատ՝ դուռը զարնե բոզնոցին, Դըժոխքն իրեն կը բացվի։ Եվ դուք, ծեփած սընգույրով բոլոր ամոթն այտերնուդ, Ահա կ'անցնիք բյուրավոր տըռփանքներուն ընդմեջեն. Ա՛լ մի սերնիդ կը լըկտան՝ բաց ի ձերին մայրագութ Նվիրագործված ըստներեն։ Ես կ'արտասվեմ ձեր վրա, ով տարաբախտ իմ Հայրեր. Ես ձեր այպանքը կու լամ՝ աչքերս այպեն փակելով. Գինետան հայր տակառին կատարն եք դուք պըսակեր Ձեր կուսության պըսակով։ Զազրաթորմի ձեր մազերն հոգվույս վըրա կը սողան՝ Շընչելով քեն մ'արյունիս, օձերու պես թունավոր. Եվ ես քենով կ'անիծեմ դարուս կավատ Մարդկության Ոսկի Հորթերը բոլոր։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 48