Դադար
«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»
Միջօրեի դադարն է գեհենամռունչ գործատան.
Ինչպես վիշապ մը թըմրած՝ կը նիրհե հնոցը տիտան,
Բուխերիկին կլափին մեջ պահ մը ծուխն է խեղդըվեր.
Ներսը գլանները արշավ, և անիվներն ընդհոլով
Հանկարծ կեցեր են՝ իրենց ընթացքին մեջ խոկալով.
Այդ անդորրին մեջ միա՜յն կարծես կըլլան լըսելի
Մեքենական ճախրանքին հոգնած հևքերն ահռելի։
Ընկե՜ր, թույլ տուր շողշողա երկաթներուն գագաթին
Բանվորներուն քիրտն առատ, գոհարն իրենց ճակատին.
Թույլ տուր որ ներս մացառվող արևուն մեջ, թռչըտուն,
Զըմրուխտ ճանճերը բըզզան՝ հեգնելով կյանքը մարդուն,
Կանգնե՜ դուն մայր-դըրան քով.
Տե՜ս, պատառուն շապիկով
Անոնք փողոց կը խուժեն, և կ'ընդլայնին իբրև ծով։
Ռամիկ ուժին բանա՜կն է, և հանճա՜րն է վաստակին
Որ կըրեր է դարերու կոթողն իր հաղթ քամակին։
Սա փոշիով և կուպրով ծեփված գլուխները տիտան՝
Որոնց վարսերը երբեք աստղերուն մեջ շըլողցան՝
Կարկառվին, խենդի պես, դեպի հովերը քաղցրիկ,
Գարնան բույրով կ'ողողեն իրենց բիբերը հըրձիգ։
Սերերն ունին կըռնակներ ծալլված մինչև գերեզման՝
Որոնց խորեն կը լըսվին ճարճատյուններ ողբական
Համրորեն վար թավալող ողնային փուտ սյուներու։
Եվ կույսերն են դալկահար, կմախներ թոռմած վարդերու,
Թիթեռներուն թևին վրա զո՜ւր կը շողա թանկ փոշին,
Հնոցին մոխի՜րն է ցանվեր իրենց երկար թարթիչին։
Ահա մայրերն աղճատված, և արգանդները անբավ՝
Ուր սերմի հունտն արցունքի կաթիլներու փոխվեցավ.
Ահա ծիծերը, քամված ողկույզներու հանգունակ,
Որոնցմե բյուր սերունդներ խըմեցին մաղձ ու պատրանք։
Հարյուր հազա՞ր են անոնք, բանակներ են զոհերու
Զոր կը տանին միշտ Ոսկյա Հորթին առջև մորթելու.
Ունին տաղված դաստակներ, և կըռնակներ ողընտեռ.
Ծուխերուն մեջ լողացող մեծ բիբերնին աստղահեռ
Այժըմ միայն թիթեղի կ'արձակեն փայլը աղոտ.
Իրենց սըրտին ծաղիկներն են խամրած, ծղոտ առ ծըղոտ։
Ճակատնե՜ր լի խորշոմով, խորշոմնե՜ր լի քըրտինքով.
Արյանոտ հաց մեն կերեր՝ իրենց հոգին ծախելով։
Գիտեն որ այդ վաստակով պատանք մը լոկ կը ստանան.
Բախտ մ'է սակայն ունենալ կուշտ փոր մը օրը մահվան։
Հարյուր հազա՜ր են անոնք, անոնք են որ կանգնեցին
Անմահությունն բուրդերուն, և խորհուրդներն ըսփինքսին։
Կմախնին, մարմար առ մարմար, սանդուխ եղավ գահերուն՝
Ուրկե Դենպետն ու Արքան ելան մինչև աստղերուն.
Մինչև այսօր, հիմին տակ պալատներուն, կը գըտնես
Շուշանն անոնց կրծոսկրին, անբավ սրտերն ողջակեզ.
Անոնց արյան շաղա՞խն են պատերը մռայլ Եըլտըզին.
Վատիկանի կամարներն, հողաթափերը Պապին
Անոնց լուսեղ քըրտինքին մարգրիտներով են ծեփված.
Անոնց խոփին նախ հանձնեց կորդ բընությունը՝
Կուռքերն անո՞նք դրոշեցին, և նույն անո՞նք զոհ եղան.
Խաչն անոնցմով ճաճանչեց, բայց ուրիշներ փըրկվեցան.
Հըղկեցին միշտ իրենց հաղթ ոսկորներով կարծրացած
Հաղթողներու նժույգներուն լայնշի պայտերը արծարծ։
Փեռեկտեցան պարեխներն անոնց ուժին դեմ ռամիկ՝
Եվ հոսեցին ոսկիի և արյունի ջերմ ալիք,
Եվ մեր գարուն Հաղթության Կամարն այսօր կը հանգչի
Հարյուր հազա՜ր բանվորի ուսերուն վրա արճիճի։
Ու երբ այսօր ելլելով գործատունեն՝ կը ցըրվին
Կորագըլուխ, մերկալանջ, անոնք նման են գերիին՝
Հոր աճուրդի կը հանեն տոնավաճառ օրերուն։
Նըման գետին, որ ակեն դուրս ժայթքելով փրփըրուն
Կը բաժնըվի սըրընթաց առվակներու անհամար,
Անոնք կ'երթան ծավալիլ գռեհներուն մեջ հազար.
Բյուրապատիկ գլուխներու անդընդածին ալիքով
Քաղաքն ամբողջ կ'ողողեն՝ ամեն անկյուն հորդելով։
Բոլոր քաղցա՜ծ են, քաղցա՜ծ, քոսոտած շան մը նըման՝
Զոր խաշնարածը հոտեն հալածեր է անգուման։
Սակայն իրե՜նց է ինչ որ կիյնա կտուցեն վար ցինին.
Իրե՜նց է խյուսը թեփին, բայց ո՜չ նըկանն ալյուրին.
Խառնապուրներն իրե՜նց են զոր գըլխահակ կը լակեն
Ճակատներե վար՝ անոնց մեջ քըրտինքներ հոսելեն.
Նեխած միսերն իրե՜նց են, ու բորբոսները հացին՝
Զոր կը գընեն ումպ մը ջրով կըրպակներեն փողոցին.
Երշիկն իրե՜նց է, լեցված ճարպովը ծեր ջորիի,
Հետո ծխամո՜րճը սևցած, միակ ըսփո՜փն հոգիի։
Ահա՜ բոլոր հույսն անոնց, երագն անոնց փորերուն՝
Զոր կ'երազեն գործատան միջօրեի հեշտ ժամուն…
Ու կը քալե՜ն, կը քալե՜ն, փոշվով, կուպրով միշտ ծեփված
Նեղ կու գան այդ ուղխերուն պողոտաներ լայնաբաց։
Իրենց հորձանքը կարծես խուլ զայրույթով կը փորե
Դղյակներու հիմունքներն ու սալարկներն որձքարե։
Կարծես մեռեր են Քաղքին մեջ մյուս կյանքերն ինքնագոհ
Միայն Սարսափն այդ ահեղ բանակներուն՝ կու տա գրոհ.
Սիրտերն հըզոր կը տրոփե՜ն, և միշտ կըլլան լըսելի
Սովալըլուկ կողերու բաբախյուններ ահռելի,
Կը կըճըրտվին ակռանե՜ր, ու կը ծամվին լեզունե՜ր.
Քաղցը ինքզինք կը կըրծե, գազանի պես շաղղակեր։
Ախորժակներն, ավելի գըրգըռված եղկ արևեն,
Կը զայրագնին ու քարեն իսկ հացի հոտը կ'առնեն։
Դուն կը լըսե՞ս, ո՛վ Ընկեր, գըռեհներեն բյուրավոր
Մըշտագալար փորերու խուլ աղաղակն ահավոր։
Բիբերն հանկարծ կ'ընդլայնի՜ն, և ըղեղները կ'եռա՜ն.
Կը սեղմըվին բըռունցքներն՝ ուր կը ձուլվի Ապագան.
Ճարճատյունին ընդմեջեն կըմախներու տըրտմագին
Աստվածային ոճիրներ կանչող ձայնե՞ր կը լըսվին։
Օ՜, այդ սիրտերը հըսկա, որոնց տրոփները, նըման
Փոսապեղի մը բրիչին հարվածներուն, կը թընդան.
Օ՜, բազուկներն այդ ստրուկ, խարանված բորբ երկաթով,
Որոնք կարմի՛ր պիտ՝ ըլլան օր մը գանկե՞ր դարբնելով.
Օ՜, այդ քայլերն, որոնց բիրտ սանդալներուն հունչը գոռ
Փողոցներուն թե՛ երգն է, թե՛ մահազանգն ահավոր.
Օ՜, իրաններն այդ ռամիկ, այդ մարդակներն՝ որոնք ցանգ
Աշխարհը վեր են բըռներ, ու փըտեր են անոր տակ…
Ատոնք բոլոր մըրրի՞կ են, ատոնք բոլոր կայծա՞կ են՝
Որոնք գոռան պիտի օր մը Մարդկությունը սարսեն։
Վաղն, ո՛վ Ընկեր, պիտի այս ամբարտավան Քաղքին վրա
Ճայթի Ամպրո՜պն, ու վառե հազար ջահերն իր հըսկա,
Զի կը տեսնե՞ս գըռեհներն, հույր աղիքները անոր,
Գետնահարկերը խոնավ, կոյուղիներն աղբաթոր.
Եվ կը տեսնե՞ս անոնց մեջ Քաղցին ճիվաղն հոգնահեռ՝
Որ քինահույզ կը սողա, կուշտին կը կրե կայծակներ.
Վաղն, ո՛վ Ընկեր, ո՞վ Ընկեր, Քաղաքին վրա այս գոռոզ
Պիտի Ամպրո՞պը ճայթի, վառե ջահե՜ր բարբարոս։