Անցնել բովանդակությանը

«Զմրուխտյա երգեր, երազներ շքեղ…»

1904

Զմրուխտյա երգեր, երազներ շքեղ, Գարնան վարդի հետ եկան, գնացին. Համբույր ծաղկաբույր և սեր հրաշագեղ Գարնան հովի հետ եկան, գնացին։ Ուրիշի նման բույն չըշինեցիր, Կյանքի մրըրկավ զարկըված թռչուն, Ու հիմա մենակ ու որբ մնացիր, Եվ թարմ տարիներդ եկան, գնացին։ Անտուն մնացիր ու թափառական, Ընկեր, բարեկամ եկան, գնացին, Մոլոր ճամփեքում մնացիր մոլոր, Քարավան, երամ եկան, գնացին։ Ու հիմա աշնան մեգի մեջ խավար, Ականջըդ հառած սրտիդ լուռ լացին, Օտար ափերում կանգնել ես շվար, Ինչ որ ունեիր, անդա՜րձ գնացին…

1904

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16