Անցնել բովանդակությանը

«Երկինքն հիասքանչ, շըքեղ, լուսալից…»

1904

Երկինքն հիասքանչ, շըքեղ, լուսալից, Հոգիս արթնացուց լըռության երգով. Եվ այս տաղտուկից, կյանքի անձուկից Թափ առավ հոգիս երազ — թևերով։ Եվ տիեզերական խորությունների Անճառ վայրերում հոգիս սավառնեց. Եվ խորախորհուրդ, վեհ գաղտնիքների Անխոս բարբառին լուռ ունկընդրեց։ Եվ տեսավ նրա ափերը անծիր, Անսահմանության սարսափն ահավոր. Աստղի քարվաններ, բույլեր ցանուցիր, Ուժերի հախուռն հորձանքը հըզոր։ Եվ երկյուղագին հոգիս հաղորդվեց Հավիտենության խոհերին վըսեմ, Անմահ էության հալվեց ու ձուլվեց, Ինչպես մի հընչյուն, հյուլե մի նըսեմ…

1904, Թիֆլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Երկինքն հիասքանչ, շըքեղ, լուսալից…» բանաստեղծությունը (1904) մահվան և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16