«Թռած սիրո զառ թևերով՝…»
Թռած սիրո զառ թևերով՝
Ես քեզ տեսա աստղերի մեջ,
Աչերդ լի արևներով,
Դեմքդ՝ շո՛ղ — շո՛ղ լույսով անշեջ։
Գիշերն՝ անքուն, ցերեկն՝ երգով,
Գերին դառա քո դռնակի,
Ոտքիդ կոխած չոր տեղերով
Բուրմունք առա մանուշակի։
Սիրտս դողաց, սիրտս մարավ
Ձայնիդ քաղցրօրոր հո՛վերեն.
Իմ ողջ կյանքը երազ դառավ
Մազերիդ ծո՛ւփ — ծո՛ւփ ծո՜վերեն…