«Շուշան աղջի՛կ, քու գերին եմ…»
1892
Շուշան աղջի՛կ, քու գերին եմ,
Կալ ու կապված անշղթա.
Սիրտըս վառվավ սիրուդ բոցեն,
Պապաք-ծարավ էրվեցա։
Իսկ Շուշանը գավը ուսին
Դեպի ձորն է թռչկոտում,
Աչք չի քըցում խեղճ տըղին։
Ծով-աչերիդ ծով-կարոտով
Շվաք եղա, ման եկա.
Օրերս անցան ախ ու վախով,
Ես հալ ու մաշ թել դարձա։
Իսկ Շուշանը աղբրազովին
Կուրծքը՝ արձակ, հուսքն՝ արձակ
Վարդ երեսն է լվանում։
Էս քարի պես ժեռ է հոգիդ,
Էս այրի պես՝ լուռ ու մութ.
Էրվեց, մոխիր դառավ գերիդ,
Ա՜խ, Շուշա՛ն ջան, ա՜խ, անգու՛թ…
Իսկ Շուշանը գավը ուսին՝
Զուլալ ջուրն է տուն տանում,
Աչք չի քըցում խեղճ տըղին։
1892, Կարս