«Մի մրահոն աղջիկ տեսա…»
1925
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին։
Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ։
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի։
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. —
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
1925, Վենետիկ