«Մշուշը ծածկեց դաշտերը անծիր. —…»
1909
Մշուշը ծածկեց դաշտերը անծիր. —
Դալուկ ճակատս դի՛ր այրող բարձին,
Եվ թո՛ղ ինձ մենակ, և դուռս գոցի՛ր,
Ես չեմ կարոտնա քո վերադարձին;
Իմ երազների աստղերը գոհար
Մի պայծառ երկինք շուրջս են տարածում.
Իմ հոգու հանդեպ մահը հաղթահար.
Իմ հոգին հավերժ՝ չունի մահացում։
Եվ անարգում եմ աշխարհքը համայն,
Ուր ամեն մի մարդ — մի ձև անցավոր,
Ուր ամեն մի կյանք՝ թշվառ և ունայն,
Գաղափարն՝ անզոր, և նյութը հըզոր;
Մըշո՛ւշ, դու ծածկի՛ր աշխարհքը անծիր. —
Թո՛ղ, դարման մի՛ դիր իմ խորունկ խոցին.
Եվ թո՛ղ ինձ մենակ, գնա՛, հեռացի՛ր, —
Ես չեմ հավատում քո լաց ու կոծին…
1909, Թիֆլիս