«Մենակ մանկության օրերն են անո՛ւշ…»
1903
Մենակ մանկության օրերն են անո՛ւշ,
Գողտրիկ ու բուրյան, չըքնա՛ղ ոսկեփայլ.
Եվ այնուհետև մեր կյանքը անհույս
Գահավիժում է անդունդը մըռայլ;
Ու մեկիկ — մեկիկ մեր կյանքի ծառից
Եվ վայր են ընկնում, քըշվում հողմավար
Մեր լավ տենչերը, սերը ծաղկալից,
Վառ համբույրների գարունը պայծառ։
Եվ ո՞վ սիրտ ունի մերկ ծառի նըման՝
Կանգնել աշխարհի հողմերին պատվար —
Կյանքի ձանձրույթին, ծաղրանքին մարդկան,
Իշխող բըռունցքին՝ չոր հացի համար…
Ավա՜ղ, լուսնի տակ և վեհ բան չըկա,
Ամեն ինչ կոպիտ, բիրտ անասնական.
Աննյութ, անմարմին, անկիրք սեր չըկա,
Ա՜խ, մաքուր սերը երազ է միայն։
Ես շա՜տ եմ լացել սուրբ սիրու համար
Եվ ես լավ գիտեմ գինը ամենքի —
Սերն է անկումը մեր աստվածության,
Շըրջմոլիկ հուրը կրքերի ճահճի։
Եվ ո՞վ կարող է օտարին սիրել
Կամ մերձավորին՝ անհուն, անսահման.
Ուրիշին սիրել իրենից ավել.
Ընկերին սիրել — պատրանք է միայն։
Եվ ո՞վ կարող է ուրիշին ըզգալ,
Որպես իր եսը, հասկանալ նըրան.
Ա՜խ, մենք ապրում ենք անծանոթ իրար,
Օտա՜ր ու հեռո՜ւ՝ աստղերի նըման։
Բայց բյուր երանի, ով երազ ունի
Իր հոգու անհուն սրբության խորքում.—
Մի շըքեղ երազ, որով նա կապրի
Աշխարհից հեռո՜ւ, բյուրեղ բարձունքում։
1903, Ալեքսանդրապոլ