«Լա՛ց, իմ նազելիս, լա՛ց դա՛ռն ու անհո՛ւն…»
1908
Լա՛ց, իմ նազելիս, լա՛ց դա՛ռն ու անհո՛ւն,
Աշխարհի վերքին չըկա դեղ — դարման.
Ի՞նչ է մեր կյանքը — բոց մի փայլփլուն՝
Հողմերի առջև ահեղ բնության։
Ե՛վ սեր ու երգեր, և՛ փառք ու հանճար
Սին պատրանքներ են մահը մոռնալու,
Եվ մարդը՝ դժբախտ, անզոր ու անճար՝
Ծնված է մահին պատառ դառնալու։
Հավիտենական, անծիր, անսահման
Խավարների մեջ, կյա՛նք, դու ես մի լույս,
Որ մի պահ շողաս, մարիս հավիտյան, —
Լա՛ց, իմ նազելիս, լա՛ց դա՛ռն ու անհո՛ւյս։
Իմ սիրտը նման բացված խոր վերքի,
Որ տիեզերական կսկիծն է լալիս.
Լալիս է դարեր առանց արցունքի, —
Ա՜խ, հեգ գլուխըդ դի՛ր վշտոտ կրծքիս։
Դի՛ր անհույս սրտիս գլուխըդ ու լաց,
Ամենքի բախտը լա՛ց, իմ նազելի՛ս.
Լա՛ց, — և արցունքդ դեռ չըցամաքած՝
Դուռդ կըբախե մահը, նազելի՛ս…
1908, Թիֆլիս