Անցնել բովանդակությանը

«Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր՝…»

1892

Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր՝ Աչերիդ մեջ շող ցայեմ. Լուռ գիշերվա անուշ հովեր՝ Փունջ ծամերդ փայփայեմ։ Կուզե՞ս լինիմ վարդ — նազելի՝ Կրծքիդ վրա վառվռիմ. Արշալույսի շողեր ոսկի Դեմքիդ վրա փայլփլիմ։ Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ՝ Քեզ գրկումս նինջ սփռեմ. Թալուկ ստվեր, թովիչ թռչնիկ, Օրոր ասեմ, օրորեմ։ Ինչ որ ցանկաս՝ կուզե՞ս լինիմ, Լինիմ երկինք ու երկիր, Լինիմ ծով, ժայռ, արև, լուսին, Միա՛յն, միա՛յն ինձ սիրի՛ր…

1892, Հառիճ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16