«Գիշերն երազով, զօրը կարոտով՝…»
1904
Գիշերն երազով, զօրը կարոտով՝
Նազելի տեսքիդ մընացի անհաս.
Աշխարհը հարբեց քո անուշ հոտով,
Մենակ ես քեզնից մընացի անմաս։
Ա՜խ, գոնե տեղըդ վարդեր ուղարկի՛ր,
Համբուրեմ, դընեմ մարած աչքերիս.
Գոնե վարդերիդ փշերն ուղարկիր, —
Համբուրեմ, գըգվեմ սիրավառ սրտիս…
1904, Ալեքսանդրապոլ