«Դարդը սրտիս ճամփա ընկա…»
1898
Դարդը սրտիս ճամփա ընկա,
Ու մարդ չուզեց հետս գար.
Ծո՜վ ջան, խո՛ր ծով, գիրկդ եկա,
Սրտիս ընկեր, սիրտ չկար։
Էս աշխարհում շա՜տ ման եկա,
Ժեռը գրկի ու լացի.
Ծո՛վ ջան, մե՛ծ ծով, գիրկդ եկա,
Ա՜խ, կարոտ եմ ծով սրտի։
Մեր սրտերով բացվենք իրար,
Տեսնենք ո՞ւմ մեջ շատ դարդ կա.
Ա՜խ, քու սիրտն էլ ինչքա՜ն դառն է,
Իմ սրտիս պես շա՜տ թույն կա…
1898, Օդեսա