«Առավոտ պահին…»
1914
Առավոտ պահին
Դալար դաշտերում
Իմ մանկան հետ
Պտույտ եմ անում։
Ծաղիկների հետ
Խոսում է տղաս,
Որոնց հետ ե՛ս էլ
Զրույց եմ արած։
Վայրկյանը՝ ծանր,
Օրերը՝ թեթև,
Տարիներն անցան
Իրարու ետև։
Ու աշխարհն աչքիս
Դառնում է երազ.
Երեկ ես էի,
Այսօր՝ երեխաս։
Եվ վաղը, ասես,
Մի աչք մթագնած
Լուռ գերեզմանից
Հառել է վրաս…
1914, Բեռլին