Անցնել բովանդակությանը

«Արարչագործ աստղի առաջ…»

1904

Արարչագործ աստղի առաջ Վըշտոտ սիրտըս բացեցի. Հավերժության աչքի առաջ Անհույս ու խոր լացեցի.— «Ո՜ւր ես վանում մեզ երկրի հետ, Ի՞նչն է կյանքի նըպատակ. Ի՞նչ ես կապել մեզ նյութի հետ, Դարձրել մահին հըպատակ»… Եվ մըռայլվեց աչքն արևի. «Ո՛վ մարդ», դարձավ ինձ ասեց. «Ես էլ քեզ պես մահվան գերի, Խարխափում եմ մըթի մեջ. Աշխարհներ են ծընվում, մեռնում Շուրջըս անհա՛յտ, անհամա՛ր։ Ո՞վ է ստեղծում, ո՞վ է քանդում, Ինչո՞ւ համար, ո՞ւմ համար.— Հարցիս չըկա պատասխան. Անթիվ դարե՜ր կուգա՛ն, կերթա՛ն, Հարցիդ չի գա պատասխան»…

1904

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 19