Անցնել բովանդակությանը

Անի

1926

Այստեղ երկնել են նախնիները իմ, Դարձել է այստեղ նյութը գաղափար, Հագել է այստեղ երազը մարմին, Չքնաղ երազը, որ չունի կոպար։ Անի՛, դու չես լոկ հողեղեն մի գանձ, Դու՛, ինքդ ես ոգին — մի ողջ ժողովուրդ, Ամեն ձև այստեղ ոճ է գերազանց, Ամեն ինչ այստեղ — իմաստ ու խորհուրդ։ Ես հոգուս աչքով՝ անցած ու ներկա Վիճակդ եմ տեսնում՝ հենված մի սյունի, Որ մարտնչելով դարեր ոտընկա, Մեռնում է կանգնած, եթե մահ ունի։ Սաղավարտակիր, ձեռքիս տեգ ու նետ, Կանգնել եմ բարձր բուրգիդ կատարին, Ոստանիկներիդ, ռազմիկներիդ հետ Լսում ենք վառված սեգ զորավարին։ Տափաստաններից, խուժանը վայրագ Հորդել է, եկել — հեղեղ զայրագին, Ուզում է, Անի՛, ընկճել լուծի տակ Քո ստեղծագործ, թևավոր ոգին։ Խաժամուժ, խուժան՝ անծայր, անքանակ, Դարեր խուժում են — խժդուժ, խոլարշավ, Ճըչում խժաձայն, դնում են բանակ Քո ցորենաշատ դաշտերում անբավ։ Եվ որոտում է շեփորը ռազմի, Կռվում ենք մտած արյուն ու քրտինք, Դարեր կռվում ենք ատամ ատամի, Մեռնում ենք կանգնած, եթե մահ ունինք… Քո հին թշնամին, Անի՛, չե՞ ս տեսնում, Խուժել է նորից քո դաշտերի մեջ, Բայց վառվում է դեռ մեր ակութներում Հինավուրց ուխտի կրակը անշեջ։ Դու՛, հին դրոշակ, դու՛, բագին փառքի, Հենվել եմ նորից քո անմահ սյունին. Եվ սպասում եմ, և դարեր ոտքի Քո իրավաբեր շեփորիդ ձայնին…

1926, Վենետիկ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1926 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 36