«Ու կտարածվի մի տրտում մշուշ»
«Ծիածան» ժողովածու · «Ոսկին»
Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ —
Խանձված հոգում…
Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ։
Արևը անցավ — կապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ։
Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը — անցավ.
Արևը — անհուն ու որբ կապույտում՝
Բռնկված մի ցավ։
Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն. —
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում…
Թեմաներ