Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել
«Տեսիլաժամեր» ժողովածու · 1915
Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել
Օրերի միգում1 երևում է ինձ։
Թարթում են միգում1 կրակները դեռ,
Ու կարոտը հին խեղդում է նորից։
Անցնում է, որպես անմարմին տեսիլ
Ու նորից միգում1 երևում է նա։
Ու նորից չկա։ Ու նորից գիշեր —
Փողոցի վրա ու հոգուս վրա։
Կրակներ, ջահեր։ Անցնում են նրանք,
Կանչում են նրանք, ակնարկում են ինձ։
Կանգնում են թարթող կրակների տակ,
Ներկած աչքերով կանչում են նորից։
Ու լուռ է հոգիս։ Ու մենակ եմ ես։
Երազուն, տխուր։ Հավատում եմ դեռ։
Ու անցնում է նա — անմարմին, անտես,—
Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել։
Ծանոթագրություններ
- 1 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում