Հայաստանին (Հազար ու մի վերք ես տեսել - էլի՛ կտեսնես)
«Տաղարան» ժողովածու · 1921
Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։
Թեմաներ