Հառաչանք մը
1903
Մատաղ կյանքիս ծաղկունք՝ կարգավ
Չորցան գացին, տարվե տարի
Խանդս խուսեց, և պայքարի
Արյունն լանջքիս տակ լըճացավ։
Միշտ կըրեցի ցավերով մեծ,
Հույսն — այդ սոսկ լարն՝ որ կը կապե
Այս կյանքին հետ ըզմեզ — բա՛բե,
Աչքիս ամեն բան շըպարեց։
Ցնորքի՜ աշխարհ։— ըսին ինծի
Թե փառքն է կյանք, ու ելլելու
Ինձ ցույց տըվին ժայռ մ'ամպերու
Խորն էր կատարը.— դողացի՜։
Ո՛հ, չը տեսա ծով մ'անալի,
Երկինք մ'առանց սև ամպերու,
Մըրրիկներե կաղնի մ'հեռու,
Եվ ծովեզերք մ'առանց բալի.—
Այսպես՝ չը գտա ժըպիտ մը՝ ուր
Չը խառնըվին արցունք, լալյուն
Եվ սեր մ'առանց իր վշտերուն,
Առանց շիրմը մ'ալ՝ խանձարո՜ւր…
Արդ հառաչի մեջ, սըրտաբեկ,
Կը բողոքե հոգիս լըռիկ.—
Այս օրենքին ո՞ւր է գաղտնիք…
— Հոն վե՛ր, Կապո՛ւյտը ճեղքեցիք։
Կուզենք գաղտնիքն այս ամենուն—
Արտասուքին, ժըպտին, շիրմին…
Կուզենք գաղտնիքդ, ո՛վ Աշխարհ սին,
Վըսեմ Երազ, ո՜վ Խոլություն։
1903, օգոստոս 20