Անցնել բովանդակությանը

Ձոն

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր… — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր. Ընդ եղեգան փող լու’յս ելաներ։ Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ. — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ… — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ — Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր. Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ։ Եղեգնյա գըրչով երգեցի արյուն. — Ձեզի ընծա՜, սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն… — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր — Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։ Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի. — Քեզի ընծա՜, հայր ալեհեր — Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի… — Քեզի ընծա՜, մայր կարեվեր — Եղեգնյա գըրչով օջախս երգեցի. Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ։ Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի. — Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ — Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի… — Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ — Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 30