Անցնել բովանդակությանը

«Ձեր հոգին — նուրբ, օսլայած,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · ««Լյուսի Թառայանին» շարքից»

Ձեր հոգին — նուրբ, օսլայած, Ձեր սիրտը — գուրգուրած շնիկ։ Իսկ ես սովորել եմ, գիտե՞ք, Որ հոգիս փողոցում քնի։ Ձեր հոգին նուրբ, օսլայած։ Ներեցեք… բայց կարող է նա Հետևի ոտքերին նստած — Մինչև լույս կարոտից ոռնալ։ Կարո՞ղ է արդյոք փողոցում, Ուր անգամ արգելվում է ծեծվել, Առաջին հանդիպած շան հետ Միանալ, այսինքն — կցվել։ Ախ, օրիո՜րդ, ներեցե՜ք։ Դե, ես Որքան էլ բանաստեղծ լինեմ, Բայց ձեզ պես բարեկիրթ, ձեզ պես… Իմ հույզերը զսպել չգիտեմ։ Ես առանց քաշվելու, գիտե՞ք, Վաղը, երբ գարուն բացվի, Կթողնեմ, որ հոգիս շրջիկ Ամենքի հետ միանա — կցվի։ Թեկուզ ես գիտեմ, որ նա Երբ հետո հագեցած երգե — Իմ հոգու լնդերքի վրա Կբացվեն կապո՛ւյտ վերքեր։ Բայց էլի, մայթերի վրա Փնտրելով փշրանքներ հացի — Կվատնեմ իմ հոգին շռայլ, Կտամ շներին փողոցի։ Պոռնիկները ինձ քույր կդառնան, Շները — եղբայրներ անգին, — Բայց ափսո՛ս որ օտար կմնա Ձեր մաքուր, օսլայած հոգին…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 32