Անցնել բովանդակությանը

«Դուրսը քամին թափառում է, անմխիթար դեգերում…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916

Դուրսը քամին թափառում է, անմխիթար դեգերում, — Չի՜ մոռանա պոետը քեզ, չի մոռանա քո հեռուն։ Նա մենակ է ու ծեծում է փակ դռները հիմա նա. — Քեզ մոտ կգա, երբ էլ-ոչ-ոք իր դռները չբանա։ Ո՛ւ ո՛ւ… նվոցը աշնան քամու, որպես լացը ջութակի. — Կրկին կգա, քո մենավոր պատուհանը կթակի։ Կես գիշերին ո՞վ կբանա իր դռները քամու դեմ. — Դու գրկաբաց ինձ կընդունես, դու կընդունես, ես գիտեմ։ Լո՛ւռ… կուչ եկավ աշնան քամին պատերի տակ անկյունի. — Հոգնած սիրտս քո մեղավոր գգվանքներում կքնի…

1916

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 10