Դահիճը կարմրազգեստ
«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922» · 1916
Դու կդնես քո գլուխը իմ բարձին՝
Սև հյուսերդ ջրերի պես թափած վար,
Սրտատրոփ, լուռ կսպասես հարվածին՝
Գոհ, անտրտունջ, երազորեն — հոգեվար։
Կիջնի՜, կիջնի՜ իմ հարվածը մահաբեր —
Կո՛ւյր հարվածը կարմիր հագած դահիճի.
Դուրսը քամին կծիծաղի անտարբեր
Ու մութը, չար, կխտանա ու կաճի։
Բայց մեռնելուց առաջ, վերջի՛ն վայրկյանին,
Դու կտեսնես և կժպտաս հպա՛րտ, գոհ, —
Որ դահիճը, այդ կարմրազգեստ վայրենին
Համբարում է ջղաձգվող ձեռքը քո…
Թեմաներ