«Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին…»
«Ութնյակներ արևին» ժողովածու · 1921
Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ1, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…
Ծանոթագրություններ
- 1 խաշխաշ — կակաչ. փխբ. կակաչի նման կարմիր, կարմրագեղ։