Անցնել բովանդակությանը

«Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ…»

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ, Աղմկում է որպես խուլ ու հեռավոր մի քամի, Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։ Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ, Խո՜ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում. Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՜շ Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։ Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս, Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար, Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս, Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար։ Հնչում է մերթ, որպես երգ անծայրածիր մշուշում, Հիվանդ մանկան պես անօգ՝ մերթ գանգատվում է կամաց, Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն՝ Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած։ Եվ լսում է իմ հոգին երգը այդ մութ քաոսի, Շփոթ աղմուկը նրա, ոռնոցները կատաղի.— Եվ ես գիտեմ, որ այդպես պիտի իմ կյանքը հոսի Մինչև մարի հավերժի օվկիանի մեջ աղի…

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ…» բանաստեղծությունը («Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) կարոտի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 20