Տխուր մեռան կապուտաչյա
«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1905
Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող…
էլ ոչ մի թև ինձ չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
— Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛…
Ցուրտ է դարձյալ, մութ՝ իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն՝
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում…
Միայն քե՛զ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում —
Ամոքիր ու ազատվիր…
1905-1907