Հիշում եմ ինչպես այն ուշ
«Երկիր Նաիրի» ժողովածու · 1915
Հիշում եմ ինչպես այն ուշ
Աշունն էր ոսկևորվում,—
Մայրմուտն էր ժլատ վառվում,
Բըլուրը պատել էր մուժ…
Մեր գյուղն է — սարերը մերկ,
Մեր գետը — բարակ միգում1.
Զանգակը — մեղմ ու բեկուն.
Թախծում են արոտ ու հերկ…
Եվ մայրըս ահա հիվանդ,
Մրսում է, արև ուզում,
Նստած է հետըս դրսում
Անխոս ու մեղմ հնազանդ։
Եվ ծեր է մայրըս այնքան,
Փոքրիկ է — բարի մի մայր…
Ցոլում է սարը սուրսայր,
Երգում է զանգը լալկան…
1915
Ծանոթագրություններ
- 1 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում
Թեմաներ