Անցնել բովանդակությանը

Գարնանամուտ

«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1908

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով Ժպտում են նորից անտառ ու ձորակ, Եվ հեղեղները խոսուն-սառնորակ Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։ Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ, Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել Իմ սրտում էլ ես թևերըդ փռել, Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։ Եվ ահա կրկին զվարթ ու ջահել, Դուրս ելա տխուր մենության բանտից. Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ, Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։ Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն, Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ, Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում — Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

1908-ի հրատարակությունում («Մթնշաղի անուրջներ») տպվել է «Գարուն» վերնագրով։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու Մթնշաղի անուրջներ
Տողերի թիվ 16