Աշուն
«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1906
Դալուկ1 դաշտեր, մերկ անտառ…
— Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
— Սրտակտուր2 հեկեկանք3:
Միգում4 շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար5…
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անըսպա՜ռ
Վհատության հեկեկանք…
1906-1907
Տերյանն ունի «Աշուն» վերնագրով երկու բանաստեղծություն. մյուսը («Գիշեր և հուշեր») սկսվում է «Մեգ է, անձրև ու մշուշ» տողով։
Ծանոթագրություններ
- 1 դալուկ — դժգույն, գույնը գցած, գունատ, մռայլ, դեղին
- 2 սրտակտուր — սրտաճմլիկ, աղիողորմ, կարեկցություն՝ խիղճ առաջացնող
- 3 հեկեկանք — ընդհատ-ընդհատ շունչ քաշելով լաց, լաց ու կոծ
- 4 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում
- 5 կապար — արճիճ, դյուրահալ մետաղ, որից պատրաստում են փամփուշտները։ Փոխաբերական իմաստով՝ հրազենի գնդակ, փամփուշտ