Անցնել բովանդակությանը

Վերջին գարուն

1852

Գարունն է եկել նախշուն թևերով, Նախշուն թևերը պես-պես ձևերով, Գույն-գույն ծաղիկներ՝ կարմիր ու սպիտակ, Վարդ, մեխակ, շուշան անուշ հոտերով։ Երկինք ու երկիր քեզ տոնեն, գարո՛ւն, Զի ես քան զամեն եղանակ սիրուն. Նա անձրև ցողե՛ առատ ի վերեն, Դա օրհնել տա քեզ եկվոր հավերուն։ Ոսկի արևը փայլե քեզ վերեն, Կենսաբեր հովը փըչե ի լերեն. Ա՜խ, ազնիվ գարուն, եղանակ սիրուն, Արդյոք դու ի՞նչ բախտ բերիր ինձ Տերեն։ Գլխաքարշ երթամ ի պարտեզ այգուն, Ա՜խ ու վա՜խ քաշեմ ես անդ օրն ի բուն. Չիկա ինձ հանգիստ, ցնծություն սրտիս, Ես վաղ եմ մոռցել զի՞նչ անդորր է քուն։ Մեռած, պատանքած գետնին կյանք տվար, Տերևթափ ծառին ստվերախիտ արար, Քեզ թռչնոց երամ հանդես կանչեցիր, Ի՞նձ մենակ խեղճիս էսպես մոռացար։ Առա՛ջ գնա, գարուն, դեպ հյուսիսն ի խոր, Գնա՛, կանանչցո՛ւր դու անդ սար ու ձոր. Որոց անհամբեր քեզ կան՝ տո՛ւր բարև. Ք՚ուրախ գալստյամբ նոցա զվարճացո՛ւր։ Կուգաս գալ տարի, դու ինձ կըգտնես Ո՛չ ի մեր այգին և ո՛չ ի պարտեզ, Այլ անզարթ քընով հողի տակ պառկած, Գերեզմանաքար մի վրաս կըտեսնես։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Վերջին գարուն» բանաստեղծությունը (1852) գարնան և մահվան մասին։

Գարնան գովքով սկսվող և գերեզմանով ավարտվող բանաստեղծություն. ամեն ինչին կյանք տված գարունը միայն բանաստեղծին է մոռացել, և նա այն ճամփու է դնում դեպի հյուսիս՝ ուրիշներին ուրախացնելու։ Վերջին տունը ասում է, թե որտեղ կգտնի իրեն գարունը հաջորդ տարի։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 7 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1852 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28