Անցնել բովանդակությանը
Ռափայել Պատկանյան

Ռափայել Պատկանյան

Ռափայել Գաբրիելի Պատկանյան

1830–1892

Բանաստեղծ 11 բանաստեղծություն

Ռափայել Պատկանյանի կենսագրությունը

Ռափայել Գաբրիելի Պատկանյանը (նոյեմբերի 8 (20), 1830, Նոր Նախիջևան — օգոստոսի 26, 1892, Նոր Նախիջևան) հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ և հասարակական գործիչ է։ Ստորագրել է «Գամառ-Քաթիպա» ծածկանունով, որով և հայտնի է դարձել։ Հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից է։

Ընտանիքը և կրթությունը

Ծնվել է Դոնի Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստովի մաս)՝ գրող և մանկավարժ Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Պատկանյանների տոհմը հայտնի էր ողջ Կովկասում։ Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, ապա 1843-1849 թվականներին սովորել Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1850 թվականին մեկնել է Թիֆլիս։ 1851-ին սովորել է Դորպատի համալսարանում, նույն տարում ընդունվել Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ 1866-ին ավարտել Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետի հայ-վրաց-թաթարական բաժինը։

Գամառ-Քաթիպան

1852 թվականին ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ հիմնել է «Գամառ-Քաթիպա» ընկերությունը, որի տետրակները տպագրելու համար 1854-ին տեղափոխվել է Պետերբուրգ։ Առաջին պրակը լույս է տեսել 1855 թվականին՝ բնաբանով, որ դարձավ նրա ողջ գրական ծրագիրը. «Գրե՛ այնպես, ինչպես որ խոսում են, խոսե՛ այնպես, ինչպես որ գրում են»։ Այս սկզբունքով նա հետևողականորեն պաշտպանում էր կենդանի աշխարհաբարը գրաբարյան կաղապարների դեմ։

Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ» և «Զարմայր Նահապետի մահը» պոեմները, «Առավոտյան երգ շինականաց» ու «Երեկոյան երգ շինականաց» բանաստեղծությունները, լույս են տեսել 1850-1851 թվականներին «Արարատ» շաբաթաթերթում։ Դորպատում գրված «Հայոց գինին» և «Թիֆլիսի քեֆը» խրախճանքի ու հեռավոր հայրենիքի փառաբանման երգեր են։ Լեզվական հայացքներն ամենալավն արտահայտվել են «Արաքսի արտասունքը» (1856) և «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» (1856) գործերում։

Հասարակական գործունեությունը

1857 թվականին անդամագրվել է Մ. Բադաղյանի ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցությանը, որի նպատակը Հայաստանի ազատագրումն էր։ 1857-1862 թվականներին գրել է «Պատմություն Մեծին Պետրոսի», «Նապոլեոն Բոնապարտ» և «Մարտին Լյութեր» աշխատությունները՝ ուզենալով այդ օրինակներով ոգեշնչել հայ ժողովրդին, ինչպես նաև «Դև Մրուս» ու «Քյոռ Օղլու» պոեմները՝ անկախության համար պայքարող մարտիկների մասին։ 1863-1864 թվականներին հրատարակել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի հերոսամարտը։

1866 թվականին վերադարձել է Նոր Նախիջևան։ 1875-ին Հերցեգովինայում և Բոսնիայում թուրքական բռնապետության դեմ բռնկած սլավոնական ապստամբության լուրը նոր լիցք է տվել նրան, և գրել է «Ազատ երգեր» շարքը։ Բեռլինի կոնգրեսից (1878) հետո եկած հիասթափության տարիներին շարունակել է նույն ոգով։ 1880-ականների կեսերին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող ընդվզումները առիթ են դարձել «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում» և «Փեսաներ» բանաստեղծությունների, որոնցում կոչ է արել համայն հայությանը զորավիգ կանգնել հայրենիքի փրկությանը։

Մանկավարժը

1880 թվականին նրա ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որտեղ չքավոր երեխաները տարրական գիտելիքներին զուգընթաց արհեստ էին սովորում և ստանում անվճար սնունդ ու հագուստ։ Պատկանյանը մինչև կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը։ Այդ տարիներին գրել է նաև դասագրքեր՝ «Մայրենի բարբառ», «Այբբենարան հնչական ոճով», «Հայոց պատմություն», և հրատարակել «Մանկական երգեր» ժողովածուն (Թիֆլիս, 1880)։

Արձակը և բարբառը

Նոր Նախիջևանի բարբառով գրել է երգիծական պատմվածքներ, որոնցում ներկայացրել է քայքայվող հայ համայնքի պատկերը՝ «Օձի խածածը», «Շատերեն մեկը», «Նոր տուն ու հին տուն», «Փորսոլխին Ավագը» և այլն։ Նույն բարբառով են «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875), «Կիւլզատե» պատմվածքները և «Նոր Նախիջևանի քնար» (1878) ժողովածուն։ 1880-ականներին ստեղծել է «Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և նաժիշտ» վիպակները։

Ժառանգությունը

Բանաստեղծությունների ժողովածուները լույս են տեսել Մոսկվայում (1864, 1881), Թիֆլիսում (1880) և Պետերբուրգում (1893, 1895)։ Ընտիր երկասիրությունները հրատարակվել են երեք հատորով (Ս. Պետերբուրգ, 1893-1904), իսկ երկերի ժողովածուն՝ ութ հատորով (Երևան, 1963-1974)։

Մեծ է եղել նրա հայրենասիրական բանաստեղծությունների ազդեցությունը ժամանակի հայ երիտասարդության վրա. դրանք երգվել են և սերտվել անգիր՝ վաղուց դուրս գալով գրքի սահմաններից։ Թաղված է Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցու բակում։

Պատկանյանի հայտնի գործեր

Բոլորը →
1890

Հայ զինվոր

Մասսի ճակատին ամպրոպ պատռեցավ,
Հայերու սըրտեն վախ փարատեցավ,
Նըժույգ է տակըս, ձեռքիս այնալու,
Սուլթան, ուժ ունի՞ս ինձ դիմանալու.

հայրենիքազատություն +2
1883

Երդումն

Սուրբ օրորանով զավակիս կերդնում,
Կերդնում իմ ծնողաց ես գերեզմանով,
Ինձ կյանք պարգևող արգանդով կերդնում
Եվ մըկըրտության սուրբ ավազանով.

հայրենիքազատություն +2
1881

Զոհեր

Երբ զարնե ժամը հայի ըսթափման,
Ժամանե րոպեն ազգիս փրկության,
Իմ բոլոր ինչքը ու բոլոր ոսկին
Իսկույն կըզոհեմ ես իմ հայ ազգին։

հայրենիքազատություն +1
1879

Հայ վիշտը

Գիտեմ, խեղճ հային չեն տալ Հայաստան,
Մեզ ազգ կազմելու ամենքն են խափան,
Նախանձ, քեն և ահ տիրել է հոգին
Դեպի հայերուս շատ ու շատ ազգին։

հայրենիքհայոց լեզու +2
1881

Օրորոցի երգ

Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին,
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

մանկականմայր +1

Տաճկահայերի օրհաս

Գիտո՛ւն, թո՛ղ գիրքը, ժամ չէ կարդալու,
Գեղջուկ, դու էլ թո՛ղ եզներն ու գութան,
Տեր-հայր, դադարե՛ մեռել թաղելու,
Երկունքի մեջ է մայր մեր Հայաստան…

հայրենիքԱրևմտյան Հայաստան +2

Հաճախ հանդիպող թեմաներ