Անցնել բովանդակությանը

Թրքուհին

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Երեկո է. բոցավառ է հորիզոն. Կառք մը կ՚անցնի դագաղի պես համրընթաց, Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն, Վերջալույսի աղջի՞կ մ՚է սա, ո՛վ Աստված. Եթե նայի՛, Կ՚ըսես — «հի՛մա կը մարի»։ Մեղրամոմե անդրիանդի1 մ՚է հանգույն. Ի՜նչ դալկահար… կարծես հաջաղը վառե Պատան մ՚է նուրբ ներա վարդիցը դժգույն. Աստված ըզնե զույգ մ՚աչերովն կը վառե. Եթե ժպտի՛, Կ՚ըսես — «ո՜հ, հի՛մա կ՚անցնի»։ Նայիլ կուզե, բայց ա՛վելի կնըվաղի, Սիրտը խունկի պես կը մըխա սիրավառ, Նե շողերու, բույրերու է թագուհի, Խոնջ թիթեռնիկ մ՚որ կը խնդրե ծաղկե թառ. Եթե շարժի՛, Կ՚ըսես — «հի՛մա կը թռչի»։ Լանջն է հուզյալ Օվկեանի մը նըման. Կուզե սիրե՜լ… համբույրի մ՚հետ նըվաղիլ, Մաշիլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման, Քամել սիրո կրակե բաժկին հուսկ կաթիլ. Եթե շիկնի՛, Կ՚ըսես — «հի՛մա կը բռընկի»։ Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին, Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սեր, Ես կոչեմ զնե կո՛ւյս, որուն սիրտն է երկին Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ. Եթե խոսի՛, Կ՚ըսես — «հի՛մա կը հատնի»։ Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես, Աստղերու նման գիշեր սիրե՝ փողփողիլ. Կրակ մ՚է փրթած կողեն սիրո բոցագես… Թե իսկ մեռնի՛, Կ՚ըսես — «հի՛մա կը ծընի»։

Ծանոթագրություններ

  1. 1 անդրիանդ — արձան, անդրի։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Թրքուհին» բանաստեղծությունը սիրո և կինի մասին։

Երեկոյան բոցավառ հորիզոնի վրա դագաղի պես դանդաղ անցնող կառք, և մեջը՝ մի գեղուհի։ Վեց տուն, և ամեն մեկը փակվում է նույն շրջադարձով՝ «Եթե նայի՛… կ՚ըսես՝ հի՛մա կը մարի», եթե ժպտա՝ կանցնի, եթե շարժվի՝ կթռչի, եթե խոսի՝ կհատնի։ Գեղեցկությունն այստեղ միշտ անհետանալու եզրին է, մեղրամոմե արձան, խունկի պես մխացող սիրտ։ Լամարթինի «սրտի մեղուն» Դուրյանը շուռ է տալիս՝ նա կույս է, որի սիրտը դեռ հորիզոն չունեցող երկինք է, և վերջին տողում մահն էլ նոր ծնունդ է դառնում։

Ստեղծագործությունը պարունակում է 36 տող՝ բաժանված 6 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 36