Անցնել բովանդակությանը

Կույսն լքյալ

1870

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Հալեց սառեր գարնան արև, Ոսկի մատամբք ծաղիկ, տերև Ցանեց, ցրվեց ամպ ու բալ փույթ, Պարզեց աստեղց կամարն կապույտ. Ո՜հ, ինչո՞ւ կույսին Նայվածքն է մրթին։ Ոսկի սփռեց լերանցն արփի, Ծիծաղեցավ լուսինն յ՚ալի, Կա՜յծ ու ծիծաղ, ծաղիկք համբուն, Թերթեր, ուր սեր կարդա զվարթուն. Ո՜հ, ինչո՞ւ գունատ Է կույսին ճակատ։ Բուլբուլն թառեր թավուտ թփին՝ Գեղգեղե գե՛լ աղիոք1 սրտին. Թռչունք մըթին անտառաց խոր Ձայնակցին, հեշտ սիրո ժըխոր… Ո՜հ, ինչո՞ւ լինի Լուռ կույս լեզվանի։ Ալիք սիրո ցույց տան կայծ, նետ, Մրմունջ, նայվածք տանելով հետ, Ջըրել կերթան ծաղկոտ մարմանդ, Թոթվե խոտեն հովն ադամանդ. Ո՜հ, ինչո՞ւ արտսուք Թափե կույսն ի սուգ։ Ի դրանց ոսկի արևելքին՝ Թռչտելով սյուքեր հեշտին՝ Ծաղկանց, ալյաց, թերթից համբույր Տալով՝ սահին թողլով համ, բույր. Ո՜հ, ինչո՞ւ հառաչ Հանե կույսին լանջ։ Ո՜հ, կույս, ինչո՞ւ այսպես տրտում Սամույր հոպոպքդ արտասվաթուրմ Դեմքըդ սիրուն ծածկեն, վերցո՛ւր Ճակատդ, շնչե սեր, լույս ու բույր. Անկողինդ ծաղկունք, Աստղեր քեզի շուք։ — Սիրեի ես աստղերն երկնի, Ալին զիս ցույց տար գեղանի, Վայլեր ծաղիկ ճակտիս անսուգ, Զեփյուռն ուներ հեշտ փըսփըսուք. «Մատնելու զկուսիկ Հրապո՜ւյրք խաբուսիկ»։

Ծանոթագրություններ

  1. 1 աղիոք — աղիքներով, լարերով։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Կույսն լքյալ» բանաստեղծությունը (1870) սիրո և դժբախտ սիրո մասին։

Գարունն է՝ սառերը հալվել են, արևը ոսկի է սփռել լեռներին, բլբուլն է երգում, ալիքներն ու զեփյուռը սեր են շշնջում, և ամեն տան հինգերորդ տողը հարցնում է նույն բանը. ինչո՞ւ է կույսը մթին, գունատ, լուռ, արտասվող։ Բնության ուրախությունն ու աղջկա սուգը դրված են կողք կողքի հինգ տուն շարունակ, մինչև բանաստեղծը դիմում է նրան, և վերջին տանը նա ինքն է պատասխանում՝ աստղերն ու ալիքն ու զեփյուռը իրեն սիրում էին միայն խաբելու համար։

Ստեղծագործությունը պարունակում է 42 տող՝ բաժանված 7 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1870 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 42