Անցնել բովանդակությանը

Մանիշակ

1871

Ո՛վ մանիշա՛կ, մանիշակ, Ինչո՞ւ այդպես գլխիկոր Նայիս հողին սըգավոր… Օ՜հ, ինչի՞ այդ նըշանակ։ Միթե դու կո՞ւյս մը տեսար, Որուն աչաց քով կապուտ՝ Ըզքեզ գըտար այնչափ մութ, Որ կը սըգաս սևահար։ Եթե դու ալ վարդին պես Ունենայիր դույզն բոսոր, Կը շիկնեիր, ինչպես որ Շիկնեցավ այն վարդը վես, Երբ տեսավ օր մը ներա Վարդերն անբիծ այտերուն։ Շուշանին պես դալկություն Եթե ըլլար քու վըրա։ Դժգունեիր որպես նա, Ինչպես որ օր մը շուշան Դժգունեցավ աննըշան, Տեսավ ձեռներն երբ ներա։ Եվ դեռ ըսե՞մ… օր մ՚երկին Ամպոտեցավ… է՞ր արդյոք. Երբոր կ՚ըներ նե աղոթք, Վերն հառած աչքն ու հոգին։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Մանիշակ» բանաստեղծությունը (1871) ծաղիկների և սիրո մասին։

Բանաստեղծը հարցնում է մանիշակին, թե ինչու է գլխիկոր ու սգավոր, և պատասխանը փնտրում է սիրած աղջկա գեղեցկության մեջ. մանիշակը մթնել է նրա կապույտ աչքերի կողքին, ինչպես վարդը շիկնել է նրա այտերից և շուշանը դժգունել նրա ձեռքերից։ Վերջին տունը փակում է շարքը՝ նույնիսկ երկինքն է ամպոտել, երբ նա աղոթել է։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1871 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24