Անցնել բովանդակությանը

Իմ մահը

1871

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Եթե տժգույն մահու հրեշտակ Անհուն ժպտով մ՚իջնե իմ դեմ… Շոգիանան ցավքս ու հոգիս, Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ։ Եթե սընարըս իմ տիպար Մոմ մը վըտիտ ու մահադեմ Ո՜հ, նըշուլե ցուրտ ճառագայթ, Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ։ Եթե ճակտովս արտոսրազոծ Զիս պատանի մեջ ցուրտ զերթ վեմ Փաթթեն, դընեն սև դագաղը, Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ։ Եթե հընչե տխուր կոչնակ, Թրթռուն ծիծաղն մահու դժխեմ, Դագաղս առնե իր յամր քայլ, Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ։ Եթե մարդիկն այն մահերգակ, Որք սև ունին և խոժոր դեմ՝ Համասըփռեն խունկ ու աղոթք, Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ։ Եթ՚ հարդարեն իմ հողակույտ, Եվ հեծեծմամբ ու սըգալեն Իմ սիրելիքը բաժնըվին, Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ։ Իսկ աննըշան եթե մնա Երկրի մեկ խորշն հողակույտն իմ, Եվ հիշատակս ալ թառամի, Ա՜հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Իմ մահը» բանաստեղծությունը (1871) մահվան և կյանքի մասին։

Յոթ տուն, որոնցից վեցը փակվում է նույն կրկներգով՝ «Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ»։ Բանաստեղծը մեկ առ մեկ անցնում է իր թաղման պատկերները՝ մահվան հրեշտակը, սնարի մոմը, պատանքը, կոչնակը, խունկն ու հրաժեշտը, և ամեն անգամ պնդում, որ դրանք դեռ մահ չեն։ Իսկական մահը գալիս է վերջին տան մեջ՝ երբ գերեզմանը մնում է աննշան և հիշատակը թառամում է։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 7 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1871 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28