Անցնել բովանդակությանը
Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյան

Պետրոս Աբրահամի Զըմպայան

1851–1872

Բանաստեղծ 19 բանաստեղծություն

Պետրոս Դուրյանի կենսագրությունը

Պետրոս Դուրյանը (իսկական ազգանունը՝ Զըմպայան, մայիսի 20 (հունիսի 1), 1851, Սկյուտար, Կ. Պոլիս — հունվարի 21, 1872, Կ. Պոլիս) արևմտահայ բանաստեղծ և դրամատուրգ է։ Մահացել է քսան տարեկանում՝ թոքախտից։

Մանկությունը և կրթությունը

Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Հայրը՝ Աբրահամը, դարբին էր, և ընտանիքն ապրում էր աղքատության մեջ. եվրոպական ներմուծումը քայքայել էր հոր արհեստը։ 1867 թվականին ավարտել է Սկյուտարի ճեմարանը, որտեղ նրա գրական ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել ուսուցիչը՝ Հակոբ Պարոնյանը։

Կյանքը

Ճեմարանն ավարտելուց հետո փոխել է բազում աշխատանքներ՝ եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ և դերասան։ Զբաղվել է նաև հրապարակախոսությամբ՝ որպես «Օրագիր ծլին Աւարայրւոյ» թերթի օգնական խմբագիր, և թարգմանել Վիկտոր Հյուգոյի «Թագավորը զվարճանում է» ու Շեքսպիրի «Մակբեթ» գործերը։ 1869 և 1871 թվականներին տաղեր է տպագրել «Օրագիր ծլին Աւարայրւոյ», «Մեղու», «Եփրատ» և «Մամուլ» պարբերականներում։

1871 թվականի սկզբին ի հայտ են եկել թոքախտի առաջին նշանները։ Սկզբում նա դրանց ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել՝ բարեկամներին գրելով. «Մեկ պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն»։ Այդ օրերին էլ ասել է. «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար. այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»։ Տարեվերջին արդեն գամված էր անկողնուն և մահացել է 1872 թվականի հունվարի 21-ի գիշերը։ Առաջին գիրքը լույս է տեսել նրա մահից հետո։

Դրամատուրգիան

Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Գրել է «Տարագիր ի Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Թրքուհին», «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867) հովվերգական մելոդրաման՝ Տիգրան Չուխաճյանի երաժշտությամբ, ապա պատմական ողբերգությունները՝ «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868), «Արտաշես աշխարհակալ» (1869), «Անկումն Արշակունի հարստության» (1870), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս» (1870)։

Անդրադառնալով հայոց պատմության այն դրվագներին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել, նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքը թագավորների ու նախարարների հանդեպ։ 1871-ին, հրաժարվելով պատմահայրենասիրական թեմայից, գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման՝ Գաբրիել Սունդուկյանից և Հակոբ Պարոնյանից անկախ հանգելով արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Պիեսները, բացի վերջին երկուսից, բեմադրվել են «Թատրոն Օսմանիե»-ում հեղինակի կենդանության օրոք և մեծ հաջողություն ունեցել։

Գրական ժառանգության զգալի մասը չի պահպանվել՝ երգիծական ոտանավորները, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններն ու բազմաթիվ նամակներ։

Ստեղծագործությունը

Պահպանվել է 39 բանաստեղծություն, որոնց 26-ը գրված են միայն 1871 թվականին։ Նա հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է. սիրային տաղերում («Ի՜ցիվ թե», «Պետք է մեռնի՜լ», «Սիրեցի քեզ») էականը արտաքին նկարագիրը չէ, այլ ապրումն ու հոգեբանությունը։ Բնության պատկերները նրա մոտ կրավորական են՝ բնությունը ձգտում է նմանվել կույսին և ներշնչվում է նրանից («Նե», «Զ՚նե պաշտեմ», «Մանիշակ», «Ներա հետ»), իսկ մերժված սիրո երգերում («Հծծյունք», «Սիրել», «Դրժել») նա անկարող է ապրել առանց սիրո։

Հայրենասիրական երգերում («Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան») նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ փրկության ելքը համարել է լուսավորությունն ու միաբանությունը, իսկ «Նոր սև օրեր»-ում կոչ է արել ինքնապաշտպանության։ «Լճակ» և «Ի՜նչ կ՚ըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը և բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Մահվան ու գերեզմանի պատկերները նրա մոտ ներկայի դեմ բողոքի կրքոտ արտահայտություններ են, որոնք ողբերգական են դառնում «Տրտունջք»-ում։

Երազել է մի ուրիշ աշխարհի մասին. «Ա՜հ, երբ պիտի ջնջվի աշխարհիս վրայեն թագը, փառքը, և միայն եղբայրությունը իր մանիշակներովը մարդոնց ճակատը պիտի պճնե՝ փոխանակ դափնիի»։

Ժառանգությունը

Դուրյանը վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից ու նկարագրականությունից և բանաստեղծությանը հաղորդեց զգացմունքային խորություն ու հոգեբանություն։ Վալերի Բրյուսովը գրել է. «Պատանի Դուրյանը մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ. ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների, նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ «ավյունը», անմիջական ապրումների ուժը»։

Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն և թուրքերեն։ Երևանում և այլ քաղաքներում նրա անունով փողոցներ ու դպրոցներ կան։

Դուրյանի հայտնի գործեր

Բոլորը →

Հաճախ հանդիպող թեմաներ