Անցնել բովանդակությանը

Սև՜, սև՜

1871

Երբեմն հոգիս աստղի մը բոց Եվ թիթեռնի մ՚ուներ թևեր. Վերջալույսի նըման ամպոց Երազներ հո՜ւր ճակատս վառեր։ Արդ սառույցներ դառն արտոսրի Կը քարանան կուրծիս ներքև, Եվ բարդք ամպոց սևաթորմի Կ՚ուզեն խեղդել սիրտս ու արև։ Հազիվ քանի մ՚օրերն կյանքիս Ոսկեզօծեց իմ բախտը վատ, Որո՛նք եղան լոկ օվասիս Մեղմող կյանքիս դառն անապատ։ Մենանայի օրեր ցըվերջ Երբեմն՝ հովտի ծաղկանց և երկնի Ձյունափըթիթ ամպերուն մեջ, Կյանքի մրուրն ես թափեի։ Ծըծեի սե՜ր, ծըծեի կյա՜նք, Մինչ վերջալույսն կը հըրահրեր, «Մնաս բարովի» սա կարմրորակ՝ Տըխուր կըրակ և երկնի բոցեր։ Ունեի ես երբեմն առատ Վարդեր, առատ աստղեր նույնպես, Ճակատագիրս սև տեսավ շա՜տ, Փրցուց, քաղեց զ՚անոնք սրտես։ Ունեի ես իմ սիրուհին, Որո թեպետ աչքն էին սև, Սակայն սըգալ չը գիտեին… Հրեշտակ մ՚էր նե, հրեշտակ անթև։ Սև երազ մը օր մը դողդոջ Մըղեց զ՚իս սև՛ փոսի մ՚առջին, Ուր քար կտրած՝ սիրտ ի թընդոջ՝ Դագաղի մ՚աչքս հառած էին։ Ավա՜ղ ներա վարդքն ու աստղերն Լուռ պիտի տար կուլ այն սև փոս, Ցուրտ համբույր մը առի ճակտեն, Ներա վերջին ձոնն էր ափսո՛ս։ Եվ լըսեցի յայնժամ՝ թի թի Սև սև հողեր կոշտ թնդեցին Տըխուր քողքին վըրա փայտի… Դըժոխք մ՚անեծք այն սև՛ օրին։ Այն ցուրտ հողերն յ՚իմ դատարկ սիրտ Լըցուցին, փոսն գոցելնուն հետ՝ Եվ այս աշխարհն ալ անժըպիտ Գոցեցին իմ առջև հավե՜տ…։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Սև՜, սև՜» բանաստեղծությունը (1871) մահվան և տխրության մասին։

Տասնմեկ տուն, որոնց միջով անցնում է մեկ գույն։ Ժամանակին հոգին աստղի բոց ուներ և թիթեռի թևեր, բայց արցունքի սառույցները քարացան կրծքի տակ։ Բանաստեղծությունը հասնում է սիրած աղջկա թաղմանը՝ սև երազ, սև փոս, դագաղի փայտին թնդացող սև հողեր, և այդ նույն ցուրտ հողերը լցնում են դատարկ սիրտը՝ ընդմիշտ փակելով աշխարհը նրա առջև։

Ստեղծագործությունը պարունակում է 44 տող՝ բաժանված 11 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1871 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 44