Անցնել բովանդակությանը

Սիրեցե՛ք զ՚միմյանս

Վարդակարմիր Գողգոթային վեհ գագաթ Միշտ փալփըլող, սիրո անշե՛ջ ճառագայթ, Դեռ կըսպասե՞ս թափել սրտից քու սըլաք. Զ՚ո՞վ կը հըսկես, վիհ և անդու՞նդ, թե կըմախք. Ո՞ր սև ժայռից մեջ մարեցավ այն բեկբեկ Բարբառն վըսեմ, թե «ըզմիմյանս սիրեցե՛ք»։ Ծածկե ամպով կարմիր կողերդ, Գողգոթա՛, Եվ թող խայտան ցավոտ ոսկերք սև Հուդա…։ Ժանգոտ ու գուլ թուրերն առին կարմիր փայլ, Նոր կրոնին հետ արյան հեղեղն առավ քայլ… Թնդանոթին առջի բոմբյունն խեղդեց սեգ Զհագագըն քաղցր, թե «ըզմիմյանս սիրեցե՛ք»։ Մարդազոհով Վատիկանի մըխացին Ծխնելույզքը, կամարքը «փա՜ռք» գոռացին, Փոխ-Քրիստոսք խաչն ըրին դաստակ կացինի՝ Սև դրոշ մը ատելության արյունի. Դարուց մոխրեն կամ ամպերեն հուսա հեք Զրկյալն լըսել, թե «ըզմիմյանս սիրեցե՛ք»։ Տնանկին դամբանը կ՚անհետի ոտնակոխ, Տընակին մեջ մարի առկայծ կանթեղն հող, Այն մութին մեջ նոթի տըղեկք կը հեծեն, Դղյակըն խրախ մինչև լույս ջահք կը հյուծեն, Հարուստին կառք ժխորով կ՚անցնի սըրարշավ, Հեքին դագաղն իր գերեզմանն լուռ իջավ…։ Գեթսեմանին իջնող հրեշտակն դալկահար, Որ գեղ, ծաղիկ, արցունք ու փառք չը ճանչնար՝ Նորա ցուրտ գոգն աղքատը սոսկ կ՚ըսփոփի, Ճոխն ու տընանկ պատանին մեջ կ՚ըլլան մի. Կայծակնաթև թե մըռընչեն մրըրիկներ Թե «սիրեցե՛ք զ՚իրար», հեքն հոս չեն սիրեր։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Սիրեցե՛ք զ՚միմյանս» բանաստեղծությունը Աստծո և խաղաղության մասին։

Գողգոթայից հնչած պատվիրանը՝ «սիրեցե՛ք զ՚միմյանս», բանաստեղծի համար խեղդվել է պատմության մեջ։ Ամեն տուն ցույց է տալիս, թե ինչն է լռեցրել այն՝ նոր կրոնի հետ քայլող արյան հեղեղը, թնդանոթի առաջին որոտը, Վատիկանի մարդազոհերը, կացնի դաստակ դարձած խաչը։ Վերջին տներում հարուստի կառքն անցնում է աղքատի դագաղի կողքով, և միայն Գեթսեմանիի հրեշտակի ցուրտ գոգում են ճոխն ու տնանկը հավասարվում։

Ստեղծագործությունը պարունակում է 30 տող՝ բաժանված 5 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 30